ԱՄՆ-ի անկախության 250-ամյակին նվիրված շքերթը, որը պետք է անցկացվեր Վաշինգտոնում հուլիսի 4-ի առավոտյան, չեղարկվել է ծայրահեղ շոգի պատճառով, հաղորդում է Bloomberg գործակալությունը։
Կազմակերպիչները հայտնել են, որ որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի Ազգային օդերևութաբանական ծառայությունը մայրաքաղաքի համար ծայրահեղ շոգի նախազգուշացում է հայտարարել։ Կանխատեսումների համաձայն, շոգի ինդեքսը՝ ցուցանիշը, որը հաշվի է առնում օդի ջերմաստիճանն ու խոնավությունը, պետք է հասներ Ֆարենհայթով 110–115 աստիճանի (մոտավորապես 43–46 աստիճան Ցելսիուսի)։
Շքերթը պետք է սկսվեր տեղական ժամանակով 10:30-ին և դառնար Միացյալ Նահանգների անկախության հռչակման 250-ամյակին նվիրված միջոցառումների մի մասը։
Շքերթի չեղարկումը դարձավ ևս մեկ դեպք, երբ երկրի արևելյան հատվածում տոնական միջոցառումները խափանվել են տարածաշրջանի վրա պահպանվող ուժեղ շոգի գմբեթի պատճառով։
Source: https://news.am/hy/news/1047794