Ռուսաստանցիները համացանցում սկսել են ակտիվորեն հետաքրքրվել բենզինի ինքնուրույն պատրաստման եղանակներով՝ խորացող վառելիքային ճգնաժամի ֆոնին։ «Յանդեքս Վորդստատ» ծառայության տվյալների համաձայն, որոնց վրա ուշադրություն է դարձրել The Bell-ը, հունիսին «ինչպես պատրաստել բենզին» հարցմամբ տեղեկություն որոնել են 17,1 հազար անգամ, ինչը երեք անգամ ավելի հաճախ է, քան մայիսին։ Ընդ որում, այս ցուցանիշը ռեկորդային է եղել Ուկրաինայում լայնածավալ պատերազմի սկզբից ի վեր։

Նման հարցումներ ամենից շատ կատարել են Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Կրասնոդարի, ինչպես նաև օկուպացված Սևաստոպոլի և Սիմֆերոպոլի բնակիչները։ Օգտատերերին նաև հետաքրքրել է, թե ինչպես պատրաստել «տնային բենզին» և ինչպես «92 բենզինից 95 ստանալ»։ Նմանատիպ դինամիկա են ցույց տալիս նաև Google Trends-ի տվյալները։ 2026 թվականի սկզբից ռուսաստանցիները գրեթե չէին դիմում որոնողական համակարգին այն հարցով, թե ինչպես պատրաստել բենզին, սակայն հունիսի 22-ից 27-ը դրա ժողովրդականությունը հասել է առավելագույն՝ 100 միավորի։ Ամենից հաճախ այս հարցումը մուտքագրել են Անդրբայկալյան երկրամասի, Նովգորոդի և Իրկուտսկի մարզերի բնակիչները։ Բացի այդ, հանրաճանաչ են դարձել «ինչպես նավթից բենզին պատրաստել» և «ինչպես պատրաստել վառելիքային քարտ» հարցումները։

Միաժամանակ հունիսին կտրուկ աճել է նաև այն հարցումների թիվը, թե որտեղ կարելի է բենզին գտնել։ Ինչպես հետևում է «Յանդեքս Վորդստատ»-ի տվյալներից, ընդհանուր առմամբ օգտատերերը «որտեղ է բենզինը» արտահայտությունը որոնել են մոտ 2 մլն անգամ, ինչը 20 անգամ գերազանցում է մայիսյան ցուցանիշը (109 հազար)։ Հարցումների գագաթնակետը գրանցվել է հունիսի 30-ին․ այդ օրը ռուսաստանցիները հասանելի բենզալցակայանների մասին տեղեկություն որոնել են ավելի քան 274 հազար անգամ։ Ընդ որում, հուլիսի 3-ին ռեկորդը գերազանցվել է՝ դիմումների թիվը անցել է 318 հազարից։

Նույնը արձանագրում են նաև Google Trends-ի տվյալները․ հունիսին օգտատերերը «որտեղ գնել բենզին» արտահայտությունը որոնողական համակարգում մուտքագրել են 201 հազար անգամ, ինչը 18 անգամ ավելի շատ է, քան նախորդ ամսին։ Բացի այդ, ռուսաստանցիները 56 անգամ ավելի հաճախ սկսել են փնտրել «բենզալցակայաններ, որտեղ բենզին կա»։ Եթե մայիսին այս հարցումը որոնման տողում մուտքագրել էր մոտ 2 հազար օգտատեր, ապա հունիսին՝ արդեն ավելի քան 113 հազարը։ «Քարտեզ, որտեղ բենզին կա» հարցումն աճել է մայիսյան զրոյից մինչև հունիսին 72 հազար։

Բացի հենց վառելիքը որոնելուց, ռուսաստանցիները համացանցում սկսել են նաև բենզինի հավելանյութեր փնտրել։ «Յանդեքսում» նման հարցումների թիվը հունիսին կազմել է 36 հազար՝ մայիսի համեմատ աճելով ավելի քան հինգ անգամ։ Ավելի ընդհանուր՝ «հավելանյութ» հարցմամբ ռուսաստանցիները հունիսին «Յանդեքս» են դիմել ավելի քան 310 հազար անգամ, ինչը 58%-ով ավելի է, քան մայիսին։ Իր հերթին Google-ը դեռ մայիսին ռուսաստանցիների հետաքրքրությունը հավելանյութերի նկատմամբ գնահատում էր որպես զրոյական, սակայն հունիսի կեսերին այն գերազանցել է 73 միավորի ինդեքսը, ապա մոտեցել առավելագույն՝ 100 արժեքին։

Ռուսաստանում վառելիքային ճգնաժամը սրվել է Ուկրաինայի կողմից նավթավերամշակման գործարաններին (ՆՎԳ) հասցված հարվածների պատճառով։ Արդյունքում Կենտրոնական Ռուսաստանում նավթավերամշակումը փաստացի կանգ է առել, իսկ ՆՎԳ-ների բեռնվածությունը նվազել է մինչև 2009 թվականից ի վեր նվազագույն մակարդակ։ Reuters-ի տվյալներով՝ հունիսին Ռուսաստանում բենզինի արտադրությունը նվազել է 25%-ով՝ մինչև օրական 85 հազար տոննա, մինչդեռ ամառային սպառումը կազմում է օրական 110 հազար տոննա։

Այս ֆոնին իշխանությունները պաշտոնապես սահմանափակումներ են մտցրել վառելիքի վաճառքի վրա ավելի քան 40 տարածաշրջաններում, ներառյալ Ուկրաինայի օկուպացված տարածքները, հաշվարկել էր РБК-ն։ Միևնույն ժամանակ մատակարարումների խափանումների, դատարկ և փակ բենզալցակայանների վերաբերյալ բողոքներ ստացվել են 85-ից։

Source: https://news.am/hy/news/1048387