ՌԴ–ում երկրորդ արևմտյան շրջանային ռազմական դատարանը երկարատև ազատազրկման է դատապարտել երեք ռուսաստանցու՝ Տուլայում ռազմական մասում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով՝ ուկրաինական ռազմական հետախուզության հանձնարարությամբ, հայտնել է ՌԴ ԱԴԾ-ի Հանրային կապերի կենտրոնը։

«Դատարանի որոշմամբ Ռ. Կորնեևին նշանակվել է 22 տարվա ազատազրկում՝ որոնցից 5 տարին՝ բանտում կրելով, իսկ մնացած մասը՝ խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում», — ասվում է հաղորդագրությունում։

Օ. Միրզոյանին և Տ. Պլիտչուկին նշանակվել են համապատասխանաբար 17 և 18 տարվա խիստ ռեժիմի գաղութ, ինչպես նաև 1,3 մլն ռուբլու տուգանքներ։

Դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ։

Դատարանն ու քննությունը պարզել են, որ նրանք հավաքագրվել էին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչության աշխատակցի կողմից։ «Հսկիչի հանձնարարությամբ նրանք ծրագրել էին ահաբեկչական գործողություն իրականացնել Տուլա քաղաքում՝ ռազմական մասի տարածքում։ 2025 թվականի փետրվարին կասկածյալները ժամանել էին Օրյոլի մարզ, որպեսզի թաքստոցից դուրս բերեն 1,135 կգ զանգվածով պայթուցիկ նյութ և երկու էլեկտրադետոնատոր՝ ինքնաշեն պայթուցիկ սարք պատրաստելու համար, որտեղ էլ ձերբակալվել են ՌԴ ԱԴԾ-ի աշխատակիցների կողմից», — հայտնել են Հանրային կապերի կենտրոնից։

Ձերբակալության ժամանակ տղամարդկանց մոտ առգրավվել են նաև Կալաշնիկովի ավտոմատ (ԱԿՍ-74Ու), «ՊԲ» ատրճանակ, տարբեր տրամաչափի 153 փամփուշտ։

Օրյոլի մարզի ԱԴԾ վարչության քննչական մարմինը նրանց նկատմամբ հարուցել է քրեական գործեր ՌԴ քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածով (պետական դավաճանություն), 30-րդ հոդվածի 1-ին մասով, 205-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով (կազմակերպված խմբի կողմից ահաբեկչական գործողության նախապատրաստում), 222-րդ հոդվածի 1-ին մասով (զենքի ապօրինի ձեռքբերում, պահում, իրացում), 222-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետով (հրազենի և դրա զինամթերքի ապօրինի ձեռքբերում, պահում, տեղափոխում), 30-րդ հոդվածի 3-րդ մասով, 222.1-րդ հոդվածի 4-րդ մասով (պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերման և փոխադրման փորձ, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝ «Ինտերնետ» ցանցի օգտագործմամբ), 223-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի ապօրինի վերափոխում), 30-րդ հոդվածի 1-ին մասով, 223.1-րդ հոդվածի 3-րդ մասով (պայթուցիկ սարքերի ապօրինի պատրաստման նախապատրաստում, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից)։

Source: https://news.am/hy/news/1047350