Կանադական CBC հեռուստաալիքի հաղորդմամբ, Կանադայի Տորոնտո քաղաքում լատինաամերիկյան մշակույթին նվիրված Salsa on St. Clair փառատոնի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս վեցը վիրավորվել են։

Ոստիկանության տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 11-ի երեկոյան՝ Սենթ Քլեր և Արլինգթոն փողոցների շրջանում։ Տուժածներից երկուսը մահացել են տեղում, հինգը ստացել են հրազենային վնասվածքներ, ևս մեկ մարդ այլ վնասվածքներով հոսպիտալացվել է։

Տորոնտոյի ոստիկանության պետի տեղակալ Ֆրենկ Բարեդոն հայտնել է, որ նախնական տվյալներով, տեղի է ունեցել փոխհրաձգություն մարդկանց միջև, որոնք նպատակաուղղված կրակել են միմյանց ուղղությամբ։ Վիրավորներից չորսը հիվանդանոցում են ծանր վիճակում։

Ոստիկանության վերջին հայտարարության պահին հայտնի չէր՝ արդյոք կրակողները գտնվում են զոհվածների կամ տուժածների թվում, ինչպես նաև շարունակվո՞ւմ է արդյոք կասկածյալների որոնումը։

Կրակոցների մասին հաղորդումը ստացվել է տեղական ժամանակով մոտ 20:12-ին։ Ոստիկանության գնահատմամբ, այդ պահին փառատոնում գտնվել է մոտ 13 հազար մարդ։ Դեպքի վայրում հայտնաբերվել է երկու հրազեն։ Քննիչները միաժամանակ աշխատում են միջադեպի հետ կապված երեք վայրերում և նշում են, որ քննությունը բարդ է լինելու։

Տորոնտոյի քաղաքապետ Օլիվիա Չոուն տեղի ունեցածը անվանել է «անխոհեմ և անպատասխանատու բռնության ակտ»՝ ընդգծելով, որ փառատոնին ամեն տարի երեխաներով ընտանիքներ են ներկա լինում։

Salsa on St. Clair փառատոնը լատինաամերիկյան մշակույթին նվիրված ամենամյա երկօրյա միջոցառում է՝ երաժշտական և պարային ելույթներով, ինչպես նաև գաստրոնոմիական ու գեղարվեստական ծրագրերով։ Այս տարի այն անցկացվել է հուլիսի 11–12-ին Տորոնտոյի Սենթ Քլեր փողոցում։

Source: https://news.am/hy/news/1049337