Իտալիայում գրանցված ռեկորդային ջերմաստիճանները սկսում են ազդել Parmigiano Reggiano պանրի արտադրության վրա։ Երկարատև շոգի ալիքների պատճառով Էմիլիա-Ռոմանիա շրջանի ֆերմերները արձանագրում են կաթնատվության նվազում, ֆերմաների հովացման ծախսերի աճ և արտադրանքի պահպանման ծախսերի մեծացում, հայտնում է Reuters-ը։

Parmigiano Reggiano կոնսորցիումի նախագահ Նիկոլա Բերտինելլիի խոսքով՝ ծայրահեղ շոգը բացասաբար է ազդում ինչպես կաթի ծավալի, այնպես էլ որակի վրա։

«Ծայրահեղ շոգը ազդում է կաթի որակի և քանակի վրա», — նշել է Բերտինելլին։

Երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է 40°C-ը, կովերը քիչ են ուտում, ավելի հաճախ հանգստանում են և արտադրում մինչև 10%‑ով պակաս կաթ։ Կաթն ավանդական պարմեզանի երեք հիմնական բաղադրիչներից մեկն է՝ աղի և մակարդիչ ֆերմենտի հետ միասին։

Լրացուցիչ խնդիր է դառնում նաև երաշտը։ Պանրի արտադրության համար թույլատրվում է օգտագործել միայն այն կենդանիների կաթը, որոնք սնվում են Իտալիայի հինգ հատուկ նահանգներում աճեցված խոտով և խոտհարով։

«Երբ անձրևներ չեն գալիս, խոտը չի աճում, հնարավոր չէ խոտ պատրաստել, հետևաբար՝ անհնար է դառնում նաև պանրի արտադրության համար անհրաժեշտ կաթի արտադրությունը», — ընդգծել է Բերտինելլին։

Կենդանիներին գերտաքացումից պաշտպանելու համար ֆերմերները տեղադրում են օդափոխիչներ և ջրի ցողման համակարգեր։ Սակայն նման միջոցները էապես մեծացնում են էլեկտրաէներգիայի ծախսերը։

Շոգի հետևանքները զգում են նաև այն ձեռնարկությունները, որտեղ պանիրը երկարատև հնեցում է անցնում։ Banco Credito Emiliano-ին պատկանող Magazzini Generali delle Tagliate (MGT) ընկերության պահեստներում պահվում է ավելի քան 500 հազար գլուխ Parmigiano Reggiano, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 300 մլն եվրո ընդհանուր արժեքով։

MGT-ի տնօրեն Ջանկառլո Ռավանետտիի խոսքով՝ ամենաուժեղ շոգի ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի օրական սպառումն աճել է շուրջ 30%-ով։

«Որպեսզի մեր օբյեկտները դարձնենք հնարավորինս էներգաարդյունավետ, մենք արդիականացրել ենք հովացման և ջեռուցման համակարգերը, բարելավել ենք շենքերի ջերմամեկուսացումը և մեծացրել ենք վերականգնվող աղբյուրներից էներգիայի արտադրությունը», — պատմել է Ռավանետտին։

Չնայած ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը՝ պանրի որակի վերահսկողությունը շարունակում է մեծապես իրականացվել ձեռքով։ Ռենտգենյան ստուգումից հետո մասնագետները հատուկ մուրճիկներով թակում են յուրաքանչյուր գլուխ՝ բացահայտելով հնարավոր ներքին թերությունները։

«Մարդկային գործոնը շարունակում է մնալ առանցքային և ամբողջ գործընթացի իրական ուժը», — նշել է Ռավանետտին։

Փորձագետների գնահատմամբ՝ Parmigiano Reggiano արդյունաբերությունն ամեն տարի բերում է մոտ 4,5 մլրդ եվրո և աշխատանքով ապահովում տարածաշրջանի հազարավոր բնակիչների։ 2025 թվականին պանրի համաշխարհային վաճառքների ավելի քան կեսը բաժին է ընկել արտահանմանը, իսկ ամենախոշոր արտասահմանյան շուկան դարձել են ԱՄՆ-ն։

GranTerre ընկերության միջազգային վաճառքների տնօրեն Պաոլո Գանցերլին նախազգուշացրել է, որ կլիմայական փոփոխությունների հետագա խորացումը կարող է հանգեցնել նոր կորուստների։

«Եթե ծայրահեղ եղանակային երևույթները դառնան ավելի երկարատև և ինտենսիվ, դա անխուսափելիորեն կազդի կաթի քանակի և որակի վրա, իսկ ամենակարևորը՝ կհանգեցնի ծախսերի հետագա աճի», — հայտարարել է նա։

Գանցերլիի խոսքով՝ Parmigiano Reggiano-ն արտադրվում է արդեն ավելի քան 800 տարի, և ավանդական արտադրության պահպանումը դառնում է ոլորտի առանցքային խնդիրներից մեկը։

«Մենք չենք ուզում դառնալ վերջին սերունդը, որը կկարողանա ուտել այդ պանիրը», — ընդգծել է նա։

Source: https://news.am/hy/news/1049529