2022 թվականին Յանցզի գետի ավազանում ծայրահեղ շոգն ու ռեկորդային երաշտը իսկական փորձություն դարձան Չինաստանի անտառների համար։ Water Resources Research ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել անսպասելի արդյունք․ բնական անտառներն ավելի լավ են դիմանում կլիմայական սթրեսին, իսկ արհեստականորեն տնկվածներն ավելի արագ են վերականգնվում դրանից հետո։
Գիտնականները ուսումնասիրել են, թե ինչպես էին տարբեր տիպի անտառներն արձագանքել տարածաշրջանում 1950 թվականից ի վեր ամենածանր եղանակային երևույթներից մեկին։ 2022 թվականի ամռանը ջերմաստիճանը հասավ ռեկորդային ցուցանիշների, իսկ տեղումների պակասը հանգեցրեց հողի խոնավության կտրուկ նվազման։ Յանցզիի ավազանի տարածքի ավելի քան 90 տոկոսը միաժամանակ բախվեց ծայրահեղ շոգի և երաշտի։
Հետազոտողներն օգտագործել են արբանյակային տվյալներ՝ համեմատելու բնական և մարդու կողմից ստեղծված անտառների վիճակը մի քանի ցուցանիշներով՝ բուսականության «կանաչության» մակարդակով, ֆոտոսինթեզի ակտիվությամբ և ածխածին կլանելու ունակությամբ։
Արդյունքները ցույց են տվել, որ հենց երաշտի ամենածանր փուլում բնական անտառները զգալիորեն ավելի կայուն են եղել։ Ուսումնասիրված բնական անտառների տարածքների ավելի քան 70 տոկոսը շոգից և ջրի պակասից ավելի քիչ վնաս է ստացել։
Գիտնականները դա բացատրում են բնական էկոհամակարգերի ավելի մեծ բարդությամբ։ Բնական անտառներում սովորաբար աճում են տարբեր տեսակների, տարբեր տարիքի ծառեր՝ արմատների տարբեր խորությամբ և բազմաշերտ սաղարթներով։ Այդպիսի կառուցվածքը թույլ է տալիս անտառին բաշխել ծանրաբեռնվածությունը և ավելի լավ դիմանալ ծայրահեղ պայմաններին։
Տնկված անտառներն ավելի հաճախ կազմված են նույն տարիքի ծառատեսակների սահմանափակ թվից։ Այդ միատարրության պատճառով դրանք ավելի շատ են տուժում, երբ առաջանում են ջրի երկարատև պակաս և բարձր ջերմաստիճան։
Սակայն ծայրահեղ եղանակի ավարտից հետո իրավիճակը փոխվեց։ 2023 թվականին արհեստական անտառներն ավելի արագ էին վերականգնվում, քան բնականները։ Հետազոտողները կարծում են, որ պատճառը մեծ թվով երիտասարդ, արագ աճող ծառերն են, որոնք ունակ են ավելի արագ վերականգնել աճը խոնավության վերադարձից հետո։
Միևնույն ժամանակ, գիտնականները զգուշացնում են․ անտառի արտաքին տեսքի արագ վերականգնումը միշտ չէ, որ նշանակում է էկոհամակարգի լիարժեք վերադարձ։ Այնպիսի գործընթացներ, ինչպիսին են ածխածնի կուտակումը, արմատների աշխատանքը և հողի հետ փոխազդեցությունը, կարող են վերականգնվել զգալիորեն ավելի երկար ժամանակում։
Հետազոտությունը ցույց է տալիս, որ անտառների ապագայի համար կարևոր են երկու մոտեցումներն էլ։ Ծառատնկումները մնում են դեգրադացված տարածքների վերականգնման կարևոր գործիք, սակայն դրանց կայունությունը կարելի է բարձրացնել, եթե միատեսակ պլանտացիաների փոխարեն ստեղծվեն ավելի բազմազան անտառներ։
Գիտնականների կարծիքով՝ կլիմայի փոփոխության պայմաններում լավագույն ճանապարհն անտառների վերականգնումը մարդու կողմից մնացած բնական էկոհամակարգերի պահպանության հետ համատեղելն է, որոնք մի տեսակ «վահան» են ծայրահեղ եղանակի դեմ։
Source: https://news.am/hy/news/1049230