Ճապոնիայում վաճառքի է հանվել հատուկ Toyota Corolla՝ նվիրված մոդելի 60-ամյակին։ Այս տարի Toyota Corolla-ն նշում է իր 60-ամյա հոբելյանը, որի պատվին ճապոնական ապրանքանիշը թողարկել է Toyota Corolla Cross քրոսովերի հատուկ տարբերակը։ Նորույթը ստացել է Toyota Corolla Cross Z Adventure 60th Anniversary բարդ անվանումը, և այն առաջարկվելու է միայն ապրանքանիշի հայրենիքում։

Հատուկ տարբերակի գլխավոր տարբերությունը բրուտալ սև ռադիատորի ցանցն է, որը վերևից ծածկված է փայլուն վրադիրի պլաստիկե «կտուցով», բացի դրանից, պատուհանների շրջանակները պատված են փայլուն մուգ մոխրագույն վրադիրներով:

Հոբելյանական տարբերակին հասնում են նաև ֆիրմային տարբերանշաններ, ավտոարտադրողի մթնեցված էմբլեմներ և 215/60 R17 չափսի անիվներ, հաղորդում է Мотор.ру-ն։ Որպես օպցիա՝ թափքի տարրերի մուգ մասերը կարող են պատրաստվել փայլատ տարբերակով։

Սրահն ունի մոխրագույն կտորից պաստառապատում՝ համադրված մուգ կանաչ կաշվե փոխարինիչով, իսկ առանձին տարրերը, որոնց դիպչում է վարորդը, պատված են բնական կաշվով։ Սկզբնական փայլուն դեկորը փոխարինվել է մուգ արծաթագույնով։

Կապոտի տակ թաքնված է 1,8 լիտր ծավալով մթնոլորտային շարժիչը, որի հետ համատեղ աշխատում են էլեկտրական շարժիչը և էլեկտրամեխանիկական վարիատորը։ Համակարգի ընդհանուր հզորությունը կազմում է 140 ձիաուժ։

Ինչ վերաբերում է գներին, ապա առաջնաքարշ տարբերակն արժե 3,66 միլիոն իեն, իսկ լիաքարշ տարբերակի դեպքում, որտեղ հետևի անիվները պտտում է առանձին էլեկտրաշարժիչ, ավտոմեքենայի գինը 3,92 միլիոն իեն (88 միլիոն 755 հազար 127, 15 դրամ) է։

Source: https://news.am/hy/news/1048169