Toyota Motor-ը Ճապոնիայի ներքին շուկայի համար թողարկել է Corolla Sport հեչբեկի հատուկ տարբերակը: Այն ստացել է «60th Anniversary» անվանումը և նվիրված է առաջին սերնդի Corolla-ի թողարկման հոբելյանին։
Հատուկ տարբերակի տարբերությունները բացառապես արտաքին ձևավորման մեջ են։ Առջևի թևերին փակցված են հատուկ շարքի անվանմամբ տարբերանշաններ, իսկ արտաքին դիզայնի գլխավոր առանձնահատկությունը թափքի յուրահատուկ գունային համադրությունն է՝ մանանեխագույն երանգն ու փայլուն սև տանիքը, նշում է Drom.ru-ն։
Սրահում ուշադրություն են գրավում արհեստական կաշվով պատված առջևի վահանակը՝ հատուկ համալրման լոգոտիպով, և էքսկլյուզիվ դիմացի նստատեղերը, որոնց հարդարման մեջ համադրվել են բնական ու արհեստական կաշիները։ Իսկ ոտնակներն ստացել են սպորտային ոճի ալյումինե վրադիրներ։
Միևնույն ժամանակ, Toyota-ն որոշ փոփոխություններ է արել նաև ճապոնական շուկայի համար նախատեսված սովորական Corolla Sport-ի համալրումներում։ Այսուհետ GZ տարբերակն ունի 18 դյույմանոց ինքնատիպ թեթևաձույլ սկավառակներ (երեսակված մակերևույթով), բացի այդ, հնարավորություն է ստեղծվել սրահը պատել բնական և արհեստական կաշվի նույն համադրությամբ։
Source: https://news.am/hy/news/1049770