Ճապոնական «Toyota» ավտոարտադրողը մտադիր է է՛լ ավելի կրճատել արտերկրում մեքենաների արտադրությունը և մինչև հաջորդ տարվա փետրվար արտադրել 100 հազարով պակաս մեքենա։ Պատճառը Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի հետևանքներն են՝ չնայած կողմերի միջև ընթացող բանակցություններին։ Այս մասին հայտնել է «Nikkei Asia» պորտալը։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված խնդիրների պատճառով ընկերությունը բախվում է պահանջարկի անկման, ինչպես նաև վառելիքի ու լոգիստիկայի գների թանկացման։ Այն մոդելների թվում, որոնց արտադրությունը ընկերությունը մտադիր է կրճատել, նշվում են նաև «RAV4» ամենագնացներն ու «Avalon» սեդանները։ Ընկերությունն արդեն ծանուցել է պահեստամասեր մատակարարողներին պլանների փոփոխության մասին։

Պորտալը նշում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական գործողությունների դադարեցում նախատեսող փոխըմբռնման հուշագրի ստորագրումը մոտեցրել է Հորմուզի նեղուցում նավագնացության խնդիրների լուծումը։ Այդուհանդերձ, սպառողները նախընտրում են հետաձգել գնումները՝ էներգակիրների պահպանվող բարձր գների պատճառով։

«Nikkei Asia»-ի տվյալներով՝ ընկերությունն ի սկզբանե նախատեսում էր մինչև 2027 թվականի մարտի վերջ արտադրել «Toyota» և «Lexus» ապրանքանիշերի շուրջ 10 միլիոն ավտոմեքենա և ապահովել մոտ 18,6 միլիարդ դոլարի զուտ շահույթ։ Այդուհանդերձ, պորտալը դեռ մայիսին հայտնել էր, որ ճապոնական ավտոարտադրողը մտադիր է մինչև ընթացիկ տարվա նոյեմբեր արտերկրում մեքենաների թողարկումը կրճատել 83 հազարով։

Վաշինգտոնն ու Թեհրանն այս ամսվա սկզբին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որը նախատեսում է բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիանանում, ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում։ Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկում Դոհայի և Իսլամաբադի միջնորդությամբ տեղի են ունեցել հուշագրի դրույթների իրագործման շուրջ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները։ Բանակցությունների առաջին փուլի ավարտին Պակիստանի և Կատարի տարածած համատեղ հայտարարության մեջ նշվել է, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումն անցել է դրական ու կառուցողական մթնոլորտում, և արձանագրվել է հուսադրող առաջընթաց։

Source: https://news.am/hy/news/1045485