Ցնցող միջադեպ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Աչեհ նահանգում։ Տեղի բնակչուհին դարձել է առաջին մարդը, որը կրել է դաժան հրապարակային պատիժ «ուղիղ եթերում անպարկեշտ վարքի» համար։ Ամեն ինչի պատճառը TikTok-ի հեռարձակման ժամանակ սովորական համբույրն է եղել, գրել է Daily Mail-ը։

Կրոնական ոստիկանությունը երիտասարդ զույգի գործողությունները համարել է շարիաթի կոպիտ խախտում։ Պատիժն իրականացվել է մարդկանց հսկայական բազմության ներկայությամբ, որը պահանջում էր «ավելի ուժեղ հարվածել»։

Կադրերը դեպքի վայրից հիշեցնում են միջնադարը․ կինը ծնկի է իջել, մինչդեռ դիմակավորված դահիճը կրկին ու կրկին ռոտանգից պատրաստված ճիպոտով հարվածում է նրա մեջքին։ Անտանելի ցավից նրա դեմքը ջղաձգվում է, նա գոռում է, իսկ հերթական հարվածից հետո կորցնում է գիտակցությունն ու ընկնում գետնին։ Նրան անմիջապես մոտենում են բժիշկները՝ զարկերակը ստուգելու համար։

Հայտնի է, որ կնոջը դատապարտել են 21 (այլ տվյալներով՝ 27) հարվածի։ Թե կոնկրետ քանի հարված էր նա հասցրել ստանալ մինչ ուշաթափվելը՝ չի նշվում։ Սակայն գիտակցության կորուստը նրան չի փրկի․ նահանգի օրենքների համաձայն՝ հենց որ բժիշկները նրա վիճակը կայուն համարեն, պատժի իրականացումը կշարունակվի մինչև վերջին հարվածը։

Աղջկա զուգընկերը նույնպես ստացել է իր բաժին մտրակահարումը։ Բանդա-Աչեհ քաղաքի շարիաթական ոստիկանության ղեկավար Մուհամադ Ռիզալը լրագրողներին ասել է, որ սա առաջին դեպքն է, երբ շարիաթի օրենքները կիրառվել են թվային տարածքում ակտիվության համար։ «Նրանք ակնհայտորեն խախտել են իսլամական շարիաթը»,— հայտարարել է պաշտոնյան։

Աչեհը Ինդոնեզիայի (աշխարհում ամենամեծ մահմեդական բնակչություն ունեցող երկրի) միակ նահանգն է, որտեղ պաշտոնապես գործում են շարիաթի խիստ օրենքներ։ Այստեղ քրեորեն պատժելի են՝

չամուսնացած տղամարդու և կնոջ միջև ֆիզիկական մտերմության ցանկացած դրսևորում (համբույրներ, գրկախառնություններ, հպումներ),

Նույն օրը հրապարակում մտրակահարվել են ևս մի քանի մարդ․ մեկ զույգը ստացել է 27-ական հարված՝ «մտերմության» համար, իսկ երկու տղամարդ՝ 29 և 8 հարված՝ փողի վրա խաղալու համար։ Այս տարվա մայիսին չորս տեղացի բնակիչ դատապարտվել է 100 հարվածի՝ ամուսնությունից դուրս սեռական հարաբերությունների համար։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, այդ թվում՝ Amnesty International-ը և Human Rights Watch-ը, հերթական անգամ խիստ դատապարտել են մարմնական պատիժների կիրառման պրակտիկան։

Իրավապաշտպաններն ընդգծել են, որ հրապարակային մտրակահարության ձևաչափը (սովորաբար այն կազմակերպվում է հրապարակներում կամ մզկիթների մոտ) նպատակ ունի մարդուն առավելագույնս նվաստացնել, ինչն անդառնալի հոգեբանական վնաս է հասցնում։ Այնուամենայնիվ, Աչեհ նահանգում նման միջոցները մինչ օրս լայն աջակցություն են վայելում պահպանողական բնակչության շրջանում։

Source: https://news.am/hy/news/1047526