Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը կհամախմբեն ջանքերը նախարարների մակարդակով, կանցկացնեն համատեղ զորավարժություններ և կամրապնդեն համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում՝ անցյալ շաբաթ տարածաշրջանային տերությունների կողմից ստորագրված ռազմական պակտի շրջանակում, հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Օգոստոսի սկզբին ԱՄՆ երեք սուննիադավան մուսուլման դաշնակիցները ստորագրել են «Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը» (Mecca Joint Defence Agreement)։ Փաստաթղթի համաձայն՝ մասնակիցներից որևէ մեկի վրա զինված հարձակումը կդիտարկվի որպես հարձակում բոլորի վրա՝ ՆԱՏՕ կանոնադրության հավաքական պաշտպանության մասին 5-րդ հոդվածի նմանությամբ։

Անկարայում անցկացված շաբաթական ճեպազրույցում պաշտպանության գերատեսչությունը նշել է, որ պակտի գլխավոր նպատակը պաշտպանական և ռազմական կապերն «ավելի ինստիտուցիոնալ և կայուն» հիմքի վրա դնելն է։

«Ըստ համաձայնագրի՝ նախատեսվում է ռազմավարական քաղաքական և ռազմական մեխանիզմների ստեղծում պաշտպանության նախարարների, արտաքին գործերի նախարարների և գլխավոր շտաբների պետերի/զինված ուժերի հրամանատարների մասնակցությամբ, երեք երկրների միջև համակարգումն իրականացվելու է ամենաբարձր մակարդակով», — նշվել է հայտարարության մեջ։

Նախարարությունը հավելել է, որ բացի ռազմարդյունաբերական համալիրի ոլորտում համագործակցության խորացումից, նախատեսվում է անցկացնել նաև ցամաքային, ռազմածովային և ռազմաօդային ուժերի, ինչպես նաև հակաօդային պաշտպանության ուժերի և անօդաչու համակարգերի համատեղ զորավարժություններ։

«Նպատակն է ապահովել ոչ միայն արտադրանքի և համակարգերի մատակարարումը, այլև համատեղ մշակումն ու արտադրությունը, տեխնոլոգիական համագործակցությունը, ինչպես նաև կայուն տեխնիկական սպասարկումն ու նյութատեխնիկական աջակցությունը», — ընդգծել են գերատեսչությունում՝ հավելելով, որ առաջնահերթ ուղղությունները կլինեն անօդաչու և ինքնավար համակարգերը, ռադիոէլեկտրոնային պայքարը (ՌԷՊ) և արհեստական բանականության տեխնոլոգիաները։

Նախարարությունում նաև հայտնել են, որ Թուրքիան մասնակցում է Ջիդայում կայացող հանդիպումներին, որոնք միտված են Կարմիր ծովում նավարկության պաշտպանության միջազգային կոալիցիայի ստեղծմանը։

Source: https://news.am/hy/news/1055400