Թուրքիան դիմել է Ռուսաստանին՝ խնդրելով համաձայնություն տալ Մոսկվայից գնված Ս-400 զենիթահրթիռային համակարգերը երրորդ երկրին փոխանցելու համար։

Ըստ աղբյուրների տվյալների՝ այս քայլի նպատակն է վերացնել ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչների գնման ճանապարհին առկա գլխավոր խոչընդոտը, գրում է Bloomberg գործակալությունը։

Թուրք պաշտոնյաների փոխանցմամբ՝ այս հարցի շուրջ բանակցություններ են վարվել վերջին շաբաթների ընթացքում։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է Ս-400 համակարգերը վերադարձնել Ռուսաստանին, սակայն այդ նախաձեռնությունը շարունակություն չի ստացել։

Անկարան հույս ունի, որ ռուսական ՀՕՊ համակարգերի փոխանցումը մեկ այլ երկրի թույլ կտա հարթել ԱՄՆ-ի հետ ունեցած տարաձայնությունները և հնարավորություն կստեղծի F-35 ծրագրի շրջանակում համագործակցությունը վերսկսելու համար, որից Թուրքիան հեռացվել էր հենց Ռուսաստանից Ս-400-ներ գնելուց հետո։

Մոսկվան և Անկարան պաշտոնապես դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկությունը։

Source: https://news.am/hy/news/1049266