Ամերիկյան Scarlet Lady կրուիզային նավը, որի վրա գտնվում էին ԼԳԲՏ+ կրուիզի մոտ 1 900 ուղևորներ, չի ստացել Եգիպտոսի տարածքային ջրեր մուտք գործելու թույլտվություն՝ թուրքական իշխանությունների համանման որոշումից հետո, հայտնել է CNN հեռուստաալիքը։

Կազմակերպիչ ընկերության՝ Atlantis Events-ի խոսքով՝ նավը պետք է ժամաներ Եգիպտոս «Աթենք — Վենետիկ» երթուղու շրջանակում, սակայն երկրի իշխանությունները վերջին պահին մերժել են մուտքի թույլտվությունը։ Ավելի վաղ Թուրքիան նույնպես արգելել էր նավին մուտք գործել իր երկու նավահանգիստներ՝ հղում կատարելով «հասարակության արժեքներին անհամապատասխանությանը»։

Atlantis Events-ի նախագահ Ռիչ Քեմփբելը հայտնել է, որ ընկերությունն ուներ բոլոր անհրաժեշտ համաձայնեցումները և իշխանությունների որոշումներն անվանել է անակնկալ։ Եգիպտոսի մերժումից հետո նավը փոխել է երթուղին և ուղևորվել դեպի հունական Կրետե կղզի։

Source: https://news.am/hy/news/1049326