Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը TRT Haber-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Անկարան շարունակում է ԱՄՆ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը խոչընդոտող սահմանափակումների վերացման ուղղությամբ աշխատանքը, ներառյալ CAATSA պատժամիջոցները և հինգերորդ սերնդի F-35 կործանիչները երկրին վերադարձնելու հարցը:
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո ունեցած ելույթում Ֆիդանը նշել է, որ Թուրքիան երբեք չի ձգտել դաշնակիցների միջև պատժամիջոցների կիրառմանը և տևական ժամանակ է՝ պայքարում է դրանց չեղարկման համար:
«Եվրոպական մայրաքաղաքներում և Ամերիկայում մեր դեմ երկար ժամանակ գործել են հայտարարված և չհայտարարված պատժամիջոցներ: Մենք համակարգված աշխատել ենք դրանք վերացնելու ուղղությամբ», — հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:
Նրա խոսքով՝ հարցերի մի մասը, որոնք կարող էին կարգավորվել ԱՄՆ վարչակազմի որոշումներով, արդեն դադարել են խոչընդոտ լինելուց: Այնուամենայնիվ, CAATSA սահմանափակումներն ու F-35-ի շուրջ ստեղծված իրավիճակը դեռևս կապված են օրենսդրական ընթացակարգերի հետ:
«Քանի դեռ երկու երկրների առաջնորդներն ունեն քաղաքական կամք, մեր գերատեսչությունները ձեռնարկում են անհրաժեշտ քայլերն այդ խնդիրները լուծելու համար: Հուսով ենք, որ շուտով արդյունքի կհասնենք», — ասել է Ֆիդանը:
Թուրքիան F-35 կործանիչների արտադրության ծրագրից դուրս է մնացել ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումից հետո։ Վաշինգտոնն այն ժամանակ հայտարարել է, որ ռուսական ՀՕՊ համակարգերի կիրառումը սպառնալիք է ստեղծում ծրագրի անվտանգության համար։
Ֆիդանն ընդգծել է նաև, որ ԱՄՆ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցը քննարկվել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում նախագահներ Դոնալդ Թրամփի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի շփումների ընթացքում։ Նրա խոսքով՝ կողմերը վերահաստատել են պաշտպանության, առևտրի և տարածաշրջանային անվտանգության ոլորտներում հարաբերությունները զարգացնելու մտադրությունը։
Անկարան հույս ունի, որ CAATSA-ի և F-35-ի խնդրի կարգավորումը թույլ կտա Վաշինգտոնի հետ վերականգնել լիարժեք ռազմատեխնիկական համագործակցությունը և ընդլայնել թուրքական ռազմական արդյունաբերության հնարավորությունները։
Source: https://news.am/hy/news/1049274