Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն չորեքշաբթի հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում գտնվող թուրքական սեփականություն ինը նավերից յոթը թույլտվություն են խնդրել լքելու այդ ռազմավարական ջրային զարկերակը և Անկարայի խիստ հսկողության ներքո են։

«Հորմուզի նեղուցում թուրքական սեփականություն հանդիսացող ինը նավերից յոթը դուրս գալու թույլտվություն են խնդրել, և մենք իրականացնում ենք դրանց մոնիտորինգը»,- հայտնել է Ուրալօղլուն։

«Ներկայում Հորմուզի նեղուցում թուրքական ինը նավ կա, որոնցից մեկը նավարկում է Թուրքիայի դրոշի ներքո։ Դրանցից յոթը ցանկություն են հայտնել լքել այդ շրջանը, և մենք ուշադիր հետևում ենք նրանց»,- պարզաբանել է նա թուրքական պետական Anadolu լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Նախարարը հավելել է նաև, որ Թուրքիան Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցի տարածաշրջանում այլևս չունի օդանավեր այն բանից հետո, երբ երկիրը պլանավորված կերպով այնտեղից դուրս բերեց իր վերջին երեք ինքնաթիռները։

«Մենք վերադարձրել ենք նաև մնացած երեք ինքնաթիռները։ Մեր օդանավերը Մերձավոր Արևելքում և Ծոցի գոտում այլևս չկան»,- ընդգծել է նա։

Ուրալօղլուն ամփոփել է, որ Անկարան ուշադրությամբ հետևում է Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրադարձությունների զարգացմանը, որը համաշխարհային էներգակիրների մատակարարումների զգալի մասի համար առանցքային տրանսպորտային զարկերակն է։

Source: https://news.am/hy/news/1040654