Պենտագոնը հրապարակել է չճանաչված անոմալ երևույթների (որոնք նախկինում հայտնի են եղել որպես ՉԹՕ (չճանաչված թռչող օբյեկտ)) մասին գաղտնազերծված նյութերի չորրորդ մասը։ Նոր հրապարակումը ներառում է 40 փաստաթուղթ, որոնց թվում կա 19 տեսագրություն, հայտնում է NewsNation-ը:
Տվյալների գաղտնազերծումը սկսվել է մայիսի 8-ին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ կառավարական արխիվների մի մասը բացելու խոստումից հետո։ Նախորդ փաթեթները հրապարակվել են մայիսին և հունիսին։
Նոր նյութերի թվում է 2015 թվականին Տեխասի «Pantex» միջուկային համալիրի մոտակայքում չբացահայտված օբյեկտի դիտարկման մասին զեկույցը։ Վկաներն այն նկարագրել են որպես մոտ 1,2 մետր բարձրությամբ շեղանկյունաձև օբյեկտ, որը շարժվել է ցածր արագությամբ։ Զինվորականները հանգել են այն եզրակացության, որ այն վտանգ չի ներկայացրել և չի մոտեցել կարևորագույն նշանակության օբյեկտներին։
Մեկ այլ փաստաթուղթ վերաբերում է 2019 թվականի մի միջադեպի, երբ զինվորականները ֆիքսել են մի փոքրիկ ուղղանկյուն օբյեկտ։ Ըստ դիտորդների՝ այն շարժվել է իրենց պրակտիկայում նախկինում չհանդիպած բնութագրերով և կարողացել է առաջ անցնել ինքնաթիռի հետևման համակարգից։
Նոր հրապարակման մեջ ներառվել են նաև ՆԱՍԱ-ի (NASA) նյութերը, այդ թվում՝ «Ապոլոն-14» և «Ապոլոն-17» առաքելությունների ժամանակ կատարված դիտարկումների մասին փաստաթղթեր։ Ֆայլերից մեկը նվիրված է 2023 թվականին Դեղին ծովի երկնքում ֆիքսված խորհրդավոր օբյեկտներին, որոնք, զինվորականների տվյալներով, ազդել են ինֆրակարմիր և օպտիկական սենսորների աշխատանքի որակի վրա։
Բացի ժամանակակից դեպքերից, արխիվը պարունակում է նաև պատմական փաստաթղթեր՝ թվագրված 1940-ական թվականների վերջով, ներառյալ՝ արտասովոր օդային երևույթների ուսումնասիրման ամերիկյան առաջին ծրագրերի նյութերը։ Դրանց թվում են Լոս Ալամոսի լաբորատորիայի մոտակայքում նկատված այսպես կոչված «կանաչ հրագնդերի» մասին զեկույցները և «Sign» նախագծի վաղ շրջանի հետազոտությունները։
Source: https://news.am/hy/news/1049256