Եթե ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ու պետքարտուղար Մարկո Ռուբիոն որոշեն միավորել ուժերը 2028 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու համար, նրանք անպարտելի կլինեն։ Հունիսի 3-ին այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Կարծում եմ՝ որպես թիմ Ջեյ Դիին [Վենսին] ու Մարկոյին [Ռուբիոյին] հաղթելը շատ դժվար կլինի։ Սա մարդկային հետաքրքիր փոխհարաբերությունների, յուրահատուկ մի «հավասարման» հարց է։ Ես հետևում եմ նրանց, երբ նրանք միասին են, և նրանք հիանալի լեզու են գտնում միմյանց հետ»,- նրա խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը։
Հոդվածի հեղինակները նշում են, որ երկու թեկնածուներն էլ համարվում են 2028 թվականի ընտրություններում Հանրապետական կուսակցության հնարավոր հավակնորդներ, իսկ հունիսի 2-ին Կոնգրեսում Ռուբիոյի ունեցած ելույթն արժանացել է հանրապետականների և նույնիսկ որոշ դեմոկրատների գովեստին։
Ու թեև Թրամփը ժամանակ առ ժամանակ անդրադառնում է 2028 թվականին իշխանության հնարավոր փոխանցման թեմային, Վենսն ու Ռուբիոն հերքում են նախընտրական պայքարին որևէ կերպ նախապատրաստվելու լուրերը։
Source: https://news.am/hy/news/1040606