Այն, ինչ մեկ տարի առաջ թվում էր Դոնալդ Թրամփի նախընտրական հանրահավաքում Այովայում հնչած էքստրավագանտ կատակ, դառնում է իրականություն։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լայն թափով ընթանում է խոշոր շինարարություն․ նստավայրի պատուհանների տակ ուղիղ կառուցվում է մարտական վանդակ UFC Freedom 250 մրցաշարի համար, որը նվիրված է ԱՄՆ անկախության 250-ամյակին, Դրոշի օրվան և հենց նախագահի 80-ամյակին, հայտնում է CNN-ը։
Պատմական շենքն այժմ բառացիորեն խամրում է հսկայական կամարաձև լուսային կառույցի ֆոնին։ UFC-ում այս լուսավորման համակարգը կոչում են «Ճանկ» (The Claw)։ Պրոմոուշենի ղեկավար Դանա Ուայթը խոստովանել է, որ տիեզերանավ հիշեցնող կառույցը պատվերով ստեղծվել է Բելգիայում, ապա փորձարկվել Ֆիլադելֆիայում և բեռնատարներով հասցվել Վաշինգտոն։ Այն արդեն հստակ տեսանելի է նույնիսկ Սպիտակ տնից մի քանի թաղամաս հեռավորությունից։
Հունիսի 14-ին նախատեսված մրցաշարը ստացել է հզոր քարդ։ Գլխավոր իրադարձությունները կլինեն երկու տիտղոսային մենամարտեր՝
Թեթև քաշ (տիտղոսային մենամարտ)՝ ամերիկացի Ջասթին Գեյջին ընդդեմ վրացի Իլիա Թոփուրիայի։ Ծանր քաշ (ժամանակավոր տիտղոսի համար մենամարտ)՝ բրազիլացի Ալեքս Պերեյրան ընդդեմ ֆրանսիացի Սիրիլ Գանի։
Ընդհանուր առմամբ քարդում հայտավորված է ութ ամերիկացի մարտիկ։ Սպասվում է, որ այդ օրը Սպիտակ տունը և հարակից Ellipse էսպլանադը կհեղեղեն ավելի քան 90 000 հանդիսականներ։
Տոմսեր և լոգիստիկա․ խիստ ռազմական ընտրություն
Միջոցառման բոլոր տոմսերն անվճար են, սակայն դրանք ստանալը հեշտ խնդիր չէ։ Ֆանատների փառատոնի համար հայտերի ընդունումն ավարտվել է մայիսի 22-ին։
Անմիջապես Սպիտակ տան Հարավային մարգագետին, որտեղ կհավաքվի մոտ 4300 մարդ, թույլ կտան մտնել միայն ընտրյալներին։
ԱՄՆ պաշտպանության նախարարության ղեկավարությունը կազմում է այն զինվորականների ցուցակները, որոնք կկարողանան այցելել մրցաշարը։ Սակայն, ըստ ծառայողական գրությունների, տոմսեր կստանան միայն այն զինվորներն ու սպաները, որոնք խստորեն համապատասխանում են բանակային ֆիզպատրաստության և մարմնի կազմության չափանիշներին (քաշին և ճարպի տոկոսին)։
Մնացած 85 000 հանդիսականների համար Ellipse պարկում կկազմակերպվի լայնածավալ հեռարձակում մեծ էկրաններով։ Թրամփի հրավիրած աստղերի թվում են Ջարեդ Լետոն, Գայ Ռիչին, Ադամ Սենդլերը և Ջեյսոն Սթեթհեմը։
Որքա՞ն է դա արժենում և ո՞վ է վճարում
Սոցցանցերում դժգոհության ալիքին ի պատասխան՝ Սպիտակ տունը X սոցցանցում հակիրճ պարզաբանել է․ «Վճարում է UFC-ն»։
TKO Holdings Group-ի (UFC-ի սեփականատերը) նախագահ Մարկ Շապիրոն հաստատել է, որ կազմակերպությունն ամբողջությամբ իր վրա է վերցնում բոլոր ծախսերը։ Չնայած միջոցառման աստղաբաշխական բյուջեին՝ մոտ 60 միլիոն դոլար (որի զգալի մասը ծախսվել է բելգիական լուսային համակարգի վրա), ընկերությունը դա համարում է բրենդի համար եզակի ներդրում և համաշխարհային ԶԼՄ-ների աննախադեպ ուշադրություն ստանալու հնարավորություն։
Բաց երկնքի տակ մրցաշարի անցկացումը (UFC-ի պատմության մեջ ընդամենը երկրորդ անգամ՝ 2010 թվականին Աբու Դաբիում կայացած մրցաշարից հետո) իր ռիսկերն ունի։ Դանա Ուայթը խոստովանել է, որ ատում է բացօթյա իվենթները դրանց անկանխատեսելիության պատճառով։
Կազմակերպիչները ժամ առ ժամ կհետևեն սինոպտիկ տվյալներին՝ զինվորական օդերևութաբանների հետ համատեղ, որոնք տեսնում են 10 օր առաջվա կանխատեսումը։ Ուայթի խոսքով՝ մենամարտը կկայանա թե՛ անձրևի, թե՛ ձյան դեպքում։ Միակ բանը, որ կարող է խափանել ծրագրերը, կայծակն է։ Ամպրոպի դեպքում մենամարտերի մեկնարկի ժամը օպերատիվ կերպով կտեղափոխվի երկու ժամ առաջ կամ հետ։
«Ամբողջ կյանքը հնարք է»․ քննադատությունը և Թրամփի արձագանքը
Իհարկե, երկրի գլխավոր քաղաքական շենքը մարտական արենայի վերածելը քննադատության հեղեղ է առաջացրել։ Դեմոկրատական կուսակցության ընդդիմախոսներն օգտագործում են շինարարությունը որպես ծաղրական հարվածների առիթ․ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի գրասենյակը և սենատոր Էլիզաբեթ Ուորենը սոցցանցերում հեգնանքով նշել են, որ մինչ ամերիկացիները սպասում են բենզինի և մթերքի գների նվազմանը, Թրամփը տարված է մենամարտերի համար վանդակ կառուցելով։
Նույնիսկ հայտնի կատակերգու, փոդքաստեր և UFC-ի մեկնաբան Ջո Ռոգանը այս մրցաշարը անվանել է «էժան հնարք» և «անվտանգության ծառայությունների համար մղձավանջ»։ Ռոգանը հավելել է, որ Իրանի հետ պատերազմի թեժ պահին Սպիտակ տանը մենամարտեր անցկացնելը «տարօրինակ և վայրենի» է։
TIME ամսագրին տված հարցազրույցում Դոնալդ Թրամփը Ռոգանի քննադատությանը փիլիսոփայորեն և իրեն բնորոշ ոճով է պատասխանել․ «Սկզբում ես մտածեցի․ «Դե, դա նրա կողմից այնքան էլ հաճելի չէ»։ Իսկ հետո հասկացա՝ չէ՞ որ դա իսկապես հնարք է։ Եթե մտածես, մեր ամբողջ կյանքը հնարք է, այնպես չէ՞։ Բայց դա լավ հնարք է։ Սա մի բան է, որն այլևս երբեք չի կրկնվի»։
Source: https://news.am/hy/news/1039939
World
Թրամփը Սպիտակ տունը վերածում է UFC-ի արենայի
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։