Մայիսի 23-ին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ պատերազմի դադարեցման մասին գործարքը գրեթե համաձայնեցված է և դրա մասին «կհայտարարվի մոտ ժամանակներս»։ Սակայն անցել է արդեն ավելի քան երկու շաբաթ, իսկ համաձայնագիրն այդպես էլ չի հրապարակվել, իսկ ամերիկյան ու իրանական ուժերը շարունակում են կանոնավոր կերպով հարվածներ փոխանակել։ Անցյալ շաբաթ իրանական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով լրջորեն վնասվել է Քուվեյթի միջազգային օդանավակայանը։ Կիրակի Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչին Թել Ավիվը պատասխանել է հակահարվածով։ Հորմուզի նեղուցը մնում է փակ, և դրանով նավագնացությունը գրեթե կաթվածահար է եղել, գրում է Washington Post-ը։
«Իսկ ի՞նչ է տեղի ունեցել։ Հենց որ մամուլում հայտնվեցին գործարքի ենթադրյալ պայմանները, որոնք, ըստ ամենայնի, ներառում էին միլիարդավոր դոլարների իրանական ակտիվների ապասառեցում, Իրանի հարցով ամերիկյան «բազեները» կատաղության մեջ ընկան։ Մայք Փոմփեոն, որը Թրամփի առաջին նախագահական ժամկետի ընթացքում զբաղեցնում էր պետքարտուղարի պաշտոնը, առաջարկվող փաստաթուղթը համեմատեց Օբամայի վարչակազմի կողմից 2015 թվականին կնքված միջուկային գործարքի հետ (որից ինքը՝ Թրամփը, դուրս եկավ 2018 թվականին)։ Սպիտակ տան հաղորդակցության գծով տնօրեն Սթիվեն Չունգը համացանցում կոշտ պատասխան տվեց Փոմփեոյին. «Մայք Փոմփեոն գաղափար չունի, թե, գրո՛ղը տանի, ինչի մասին է խոսում։ Նրանց պետք է փակեր իր հիմար բերանը և իսկական գործը թողներ պրոֆեսիոնալներին»։
Չնայած Սպիտակ տան կողմից նման կտրուկ հակահարվածին՝ աջակողմյան թևի քննադատությունը, կարծես, վախեցրել է Թրամփին։ Հաղորդվում է, որ մայիսի վերջին նա Թեհրանին ավելի խիստ պատասխան առաջարկ է ուղարկել, և այժմ բանակցությունները հայտնվել են փակուղում։ Իրանցիները պահանջում են ապասառեցնել իրենց 12 միլիարդ դոլարի ակտիվները՝ որպես Հորմուզի նեղուցը բացելու պայման, ևս 12 միլիարդ՝ իրենց միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հաջորդ 60 օրերի ընթացքում։
Այս պահանջներին զիջելը ծայրահեղ նվաստացուցիչ կլիներ Թրամփի համար, եթե նա ընդհանրապես ընդունակ լիներ անհարմարության զգացում ունենալ։ Չէ՞ որ հենց ինքն էր անխնա ծաղրում նախագահ Բարաք Օբամային 2015 թվականի համաձայնագրից հետո Իրան 1,7 միլիարդ դոլարի «կանխիկ դրամով ծանրոցներ» ուղարկելու համար։
Օբաման միակ դեմոկրատ նախագահը չէ, որին Թրամփը կատեգորիկ կերպով չի ցանկանում նմանվել։ Երբ անցյալ հինգշաբթի նրան հարցրին, թե ինչու նա ամերիկյան զորքեր չի ուղարկել Իրանից առգրավելու այն, ինչ ինքը՝ Թրամփը, անվանում է «միջուկային փոշի» (այսինքն՝ հարստացված ուրանը), նա պատասխանեց. «Ես չէի ցանկանում հայտնվել Ջիմի Քարտերի դերում»։ Դա ակնհայտ հղում է 1980 թվականին Թեհրանում 53 ամերիկյան պատանդներին փրկելու ԱՄՆ-ի ձախողված առաքելությանը։
Քանի որ Թրամփը չի ցանկանում գնալ ռազմական էսկալացիայի, բայց նաև չի ուղում գնալ թանկարժեք զիջումների, նա առայժմ պահպանում է ստատուս քվոն՝ պարբերաբար հեռանալով սեփական պատրանքների աշխարհ։ Նա արդեն երեք անգամ սոցիալական ցանցերում հրապարակել է միևնույն գրառումը՝ պատկերացնելով, թե ինչպես է Իրանը ստորագրում «Կապիտուլյացիայի փաստաթղթերը», իսկ «հիմար դեմոկրատներն ու մամուլը» հրաժարվում են ճանաչել իր այս «վարպետական ու փայլուն հաղթանակը»։
Ակնհայտ է, որ դա ընդամենը ցանկալին իրականության տեղ ընդունել է։ Թրամփը պարզապես փորձում է ցանկապատվել մռայլ իրականությունից. այն հակամարտությունից, որի մեջ նա ընդհանրապես չպետք է ներքաշվեր, հեշտ ելք չկա։ Բոլոր տարբերակներն էլ վատն են, և Թրամփը իրենից բացի ոչ ոքի չունի մեղադրելու։
Միակ լավ նորությունը Թրամփի համար այն է, որ ԱՄՆ տնտեսությունը և հատկապես ֆոնդային շուկան զարմանալիորեն կայուն են մնում՝ չնայած այն ջրային ուղու փակմանը, որով սովորաբար տեղափոխվում է համաշխարհային նավթի 20%-ը։ Թրամփը, հնարավոր է, ակնհայտորեն վատ է պատերազմ վարելու հարցում, բայց նա վարպետորեն կարողանում է խոսքերով աջակցել շուկային։ Ընդսմին, նավթագազային ոլորտի ղեկավարներն ու վերլուծաբանները նախազգուշացնում են, որ նավթի համաշխարհային պաշարները սպառվում են, և եթե պատերազմը մոտ ժամանակներս չդադարի, հումքի գները կարող են թռիչք գործել՝ հասնելով մինչև 150 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Oxford Economics-ի փորձագետները նախազգուշացնում են. եթե նեղուցը չբացվի հուլիսին, իրավիճակը «դժվար կլինի երկար հանդուրժել»։
Թրամփն ակնհայտորեն հուսահատված է նրանից, որ իրեն չի հաջողվում ստիպել Իրանին ընդունել իր պայմանները, չնայած այն բանին, որ Իսրայելն ու ԱՄՆ-ը գրեթե անարգել կարող են ռմբակոծել իրանական տարածքը։ Ինչո՞ւ գերտերությունը չի կարողանում հաղթանակ տանել շատ ավելի թույլ հակառակորդի նկատմամբ։ Դա ամենևին էլ նոր երկընտրանք չէ։ Թրամփն այժմ քաղում է նույն դառը դասերը, որոնք նրա նախորդները քաղեցին Վիետնամում, Իրաքում ու Աֆղանստանում, և որոնք Վլադիմիր Պուտինն այժմ քաղում է Ուկրաինայում։
Պատերազմը միայն թիրախների ուղղությամբ աշխատելը չէ, և պարտադիր չէ, որ հաղթի նա, ով ավելի շատ ռումբեր ունի։ Կամքի ուժն ավելի մեծ նշանակություն ունի, քան զենքը, իսկ հարվածին դիմանալու կարողությունը վերջնական արդյունքում ավելի կարևոր է, քան հարված հասցնելու կարողությունը։ Թրամփի համար այս հակամարտությունն ի սկզբանե թվում էր «կարճատև զբոսանք», հանուն որի նա նույնիսկ չփորձեց մոբիլիզացնել հասարակական կարծիքը, քանի որ հույսը դրել էր արագ հաղթանակի վրա։ Իսկ իրանական ռեժիմի համար սա գոյաբանական պայքար է հանուն գոյատևման։ Գուշակե՛ք, թե կողմերից որի՞ մոտ ավելի շատ համբերություն կգտնվի հաղթելու համար։ Ինչպես սիրում էին ասել թալիբները. «Դուք ունեք ժամացույց, իսկ մենք ունենք ժամանակ»։
Թրամփն այս պատերազմը դարձրեց գրեթե անհաղթահարելի՝ առաջ քաշելով առավելապաշտական պահանջներ (ինչ-որ պահի նա կոչ էր անում Իրանի «ԱՆՎԵՐԱՊԱՀ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻ»), միևնույն ժամանակ կիրառելով նվազագույն միջոցներ։ Ռազմաօդային ուժերն ինքնին ընդունակ չեն երկրում ռեժիմ փոխել. դա համընդհանուր ճանաչված փաստ է։ Սակայն Թրամփն անխոհեմաբար փորձեց անել հենց դա՝ արհամարհելով այն ակնհայտ ռիսկը, որ Թեհրանը կպատասխանի նեղուցի շրջափակմամբ։
Եվ հիմա Իրանը փաստացիորեն ամբողջ աշխարհին պահում է նավթի տակառի վրա։ Թրամփը չհասավ իր չափից ավելի հավակնոտ ռազմական նպատակներին և արդեն չի էլ հասնի։ Այսօր ոչ ոք նույնիսկ ձայն չի հանում այն մասին, որ Իրանը դադարեցնի իր հրթիռային ծրագիրը կամ հրաժարվի տարածաշրջանում իր պրոքսի ուժերի աջակցությունից։ Լավագույնը, ինչի վրա հիմա կարող է հույս դնել Թրամփը, այն է, որ Իրանը կբացի նեղուցն առանց մաքսատուրքեր սահմանելու և կհամաձայնի իր միջուկային ծրագրի սահմանափակումներին՝ միջազգային տեսուչների վերահսկողության ներքո։
Ըստ էության, դա կլինի այն պայմանների վերստեղծումը, որոնք արդեն գոյություն ունեին Օբամայի միջուկային գործարքի շրջանակում։ Եվ նույնիսկ այդ համեստ արդյունքին հասնելու համար Վաշինգտոնից, ամենայն հավանականությամբ, կպահանջվեն զգալի վճարումներ մոլլաների հասցեին, իսկ հարցի հստակ գինը կորոշվի զուտ արևելյան ոճի սակարկությունների ընթացքում։
Ամենայն հավանականությամբ, դա կդառնա այսպես կոչված TACO ֆենոմենի (ժարգոնային՝ Trump Always Chickens Out- «Թրամփը միշտ պասում/նահանջում է վերջին պահին») ամենաթանկ դրսևորումը, որին երբևէ գնացել է նախագահը։ Մնում է միայն հուսալ, որ այդ սթափեցնող փորձը կստիպի նրան երկու անգամ մտածել՝ նախքան սեփական ցանկությամբ նոր պատերազմներ սկսելը։ Քիչ ռազմական գործողություններ են անցնում այնքան հարթ, որքան նրա միջամտությունը Վենեսուելայում, իսկ Մերձավոր Արևելքում նման օրինակներ ընդհանրապես չկան»։
Source: https://news.am/hy/news/1042107