Ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաների փոխանցմամբ՝ հինգշաբթի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ ունեցած հեռախոսազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը պետք է սկսի իր զորքերի դուրսբերումը Սիրիայից, և կոչ է արել նրան նույնն անել նաև Լիբանանում, հայտնում է Axios-ը։

Իր քաղաքական գոյատևման և անձնական ազատության համար վճռորոշ նշանակություն ունեցող ընտրություններից երեք ամիս առաջ Նեթանյահուն դժվար թե որևէ էական քայլ ձեռնարկի Սիրիայի՝ իր օկուպացված տարածքներից իսրայելական զորքերը դուրս բերելու կամ Լիբանանում զորքերի հետագա տեղակայումը սահմանափակելու ուղղությամբ՝ ավելին, քան արդեն համաձայնեցված է։

Ընդսմին, Թրամփի խնդրանքներն ուժեղացնում են ճնշումը իսրայելական առաջնորդի վրա։ Ներկայում Իսրայելի բանակն օկուպացնում է Հարավային Լիբանանի և Հարավային Սիրիայի զգալի տարածքները։

Ամերիկացի պաշտոնյան հայտնել է, որ Թրամփը Նեթանյահուին ասել է, թե Սիրիայի տարածքում իսրայելական զինվորականների ներկայությունը լարվածություն է ստեղծում և կարող է հանգեցնել լարվածության սրման։

«Նրանք չեն ցանկանում ձեզ այնտեղ տեսնել։ Դուք պետք է վերատեղաբաշխվեք»,- ասել է Թրամփը Նեթանյահուին, ըստ ամերիկացի պաշտոնյայի, որը հավելել է, թե նույնը վերաբերում է նաև Լիբանանին։

«Վարչապետն իր հերթին բարձրացրել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների ստեղծման անհրաժեշտության հարցը»,- ասված է Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ։

Թրամփի և Նեթանյահուի միջև հեռախոսազրույցը տեղի է ունեցել Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահի և նրա սիրիացի գործընկեր Ահմադ ալ-Շարաայի հանդիպման հաջորդ օրը։

Source: https://news.am/hy/news/1049839