ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ և նրան տեղեկացրել Պարսից ծոցում ամերիկյան ռազմական գործողությունների մասին, հաղորդում է The Times of Israel-ը՝ հղում անելով Իսրայելի վարչապետի գրասենյակին:
Նեթանյահուի գրասենյակի տվյալներով՝ Իսրայելի առաջնորդը բարձրացրել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայելի հասցեին հնչեցրած քննադատական հայտարարությունների հարցը։ Նշվում է, որ Էրդողանը Թրամփի դաշնակիցն է, գլխավորում է ՆԱՏՕ-ի անդամ երկիրը և միջազգային ասպարեզում մնում է Իսրայելի ամենաակտիվ քննադատներից մեկը:
Բացի դրանից, Նեթանյահուն ընդգծել է Իսրայելի կողմից իր սահմանների երկայնքով բուֆերային գոտիների պահպանման անհրաժեշտությունը։ Դա տեղի է ունեցել այն լուրերի ֆոնին, ըստ որոնց առաջընթաց կա Հարավային Լիբանանի այսպես կոչված «պիլոտային գոտիներից» իսրայելական զորքերի դուրսբերման հարցում, որոնք հետագայում պետք է անցնեն լիբանանյան բանակի վերահսկողության տակ։
Ըստ Իսրայելի վարչապետի գրասենյակի հաղորդագրության՝ Թրամփը և Նեթանյահուն պայմանավորվել են շարունակել գործողությունների համակարգումը տարածաշրջանային հարցերի շուրջ:
Source: https://news.am/hy/news/1049000