ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր կյանքին սպառնացող վտանգները լուրջ չի ընդունում և նեղ շրջապատում հաճախ կատակում է դրանց մասին։ Այս մասին պնդում է «Semafor» պորտալը՝ հղում անելով ամերիկյան առաջնորդի շրջապատի աղբյուրներին։
«Փակ դռների հետևում Թրամփը գրեթե հեգնական վերաբերմունք է դրսևորում սեփական անվտանգության նկատմամբ։ Նրա ավելի քան կես տասնյակ օգնականները և նրան մոտ կանգնած օրենսդիրները հաստատել են, որ նա չի սևեռվում մահափորձի ռիսկերի վրա, սակայն, երբ խոսքը վերաբերում է դրան, նա հաճախ «կատակում է այդ թեմայով»»,- գրում է պորտալը՝ վկայակոչելով օրենսդիրներին և Սպիտակ տան մի պաշտոնյայի։
Պորտալի տեղեկություններով՝ չնայած հայտարարություններին, թե ինքն Իրանի համար «թիվ մեկ թիրախն» է, Թրամփն առանձնազրույցներում հազվադեպ է անդրադառնում իր հասցեին հնչող սպառնալիքներին։
«Նա անձնական զրույցներում էլ է այդ մասին ասում. «Ինձ ոչ մեկ չէր ասել, թե որքան վտանգավոր է նախագահ լինելը, իսկ եթե ասեին, ես, հավանաբար, չէի առաջադրվի»։ Եվ նա նման մեկնաբանություններն անում է կատակի ձևով, բայց դրա հետևում իրականություն կա»,- պորտալին պատմել է պաշտոնյան։
Որպես մահափորձերին Թրամփի վերաբերմունքի օրինակ՝ պորտալը հիշատակում է նրա արձագանքը Սպիտակ տանը կազմակերպվելիք UFC մրցաշարի անվտանգության քննարկումներին, որի դեմ նախապատրաստվող ահաբեկչությունը հետագայում կանխվել էր։
«Բոլորս էլ մի օր մեռնելու ենք»,- պատասխանել է նախագահը, երբ նրան սկսել են մանրամասն նկարագրել միջոցառման ժամանակ նման հարձակման հնարավոր սցենարները։
Թրամփը երկու տարվա ընթացքում չորս անգամ ենթարկվել է մահափորձի։ 2024 թվականի հունիսին նա բառացիորեն խուսափել է փամփուշտից, որը վիրավորել էր նրա ականջը։ Ամերիկյան առաջնորդի կյանքի դեմ վերջին մահափորձը ճանաչվել է Սպիտակ տանը UFC մրցաշարի վրա հարձակվելու դավադրությունը, որը բացահայտվել էր հունիսին։
Source: https://news.am/hy/news/1049973