ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Semafor պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ պաշտոնապես տեղեկացրել է Կոնգրեսին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ Սիրիան ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից հանելու մտադրության մասին:

Ռուբիոն հավելել է, որ Թրամփը համապատասխան ծանուցումն արդեն ուղարկել է Կոնգրես, ինչից հետո սկսվել է օրենքով նախատեսված 45-օրյա նախնական դիտարկման ժամանակահատվածը:

«Այսօր նախագահ Թրամփը Կոնգրեսին տեղեկացրել է իր վարչակազմի՝ 45-օրյա նախնական ծանուցման ժամկետից հետո Սիրիայի՝ որպես ահաբեկչության հովանավոր պետության կարգավիճակը չեղարկելու մտադրության մասին: Դա նախագահ Թրամփի հերթական պատմական քայլն է՝ ուղղված սիրիացի ժողովրդին մեծ ապագայի հնարավորություն ընձեռելուն»,- հայտարարել է Պետքարտուղարության ղեկավարը:

Ռուբիոն ընդգծել է, որ պատժամիջոցային կարգավիճակի չեղարկումը Սիրիայի համար ճանապարհ կբացի դեպի միջազգային առևտուր ու ներդրումներ, պայմաններ կստեղծի տնտեսության վերականգնման համար և նոր փուլի սկիզբ կդառնա երկրի համար:

Նա նշել է, որ որոշումն ընդունվել է Սիրիայի նկատմամբ 2025 թվականի հունիսին մեկնարկած քաղաքականության վերանայումից հետո, ինչպես նաև հաշվի առնելով սիրիական իշխանությունների գործողությունները ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում և Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի պաշտոնական երաշխիքներն այն մասին, որ երկիրը չի աջակցի միջազգային ահաբեկչությանը:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփն Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում լրագրողներին հայտնել էր, որ նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ հանդիպումից հետո մտադիր է հանել Սիրիայից ահաբեկչության հովանավոր պետության կարգավիճակը:

Այդ կարգավիճակի չեղարկումը հնարավորություն կտա զգալիորեն ընդլայնել տնտեսական համագործակցությունը Սիրիայի հետ: Փորձագետների գնահատականներով՝ դա ճանապարհ կհարթի մասնավոր օտարերկրյա ներդրումների, էներգետիկ նախագծերի իրականացման և ամերիկյան տեխնոլոգիաների արտահանման համար, որոնք մինչ այժմ սահմանափակված էին գործող պատժամիջոցների ռեժիմով:

Source: https://news.am/hy/news/1048707