ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ֆինանսական հայտարարագիրը ցույց է տվել, որ Սպիտակ տուն վերադառնալուց հետո նա կրիպտոարժութային նախագծերից մոտ 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է ստացել։ Դա կրկին հարցեր է առաջացրել այն մասին, թե որքան հարկ նա պետք է վճարի այդ եկամուտներից. հայտնում է CBS News-ը։
Կրիպտոարժույթների հարկման գծով մասնագետներից մեկի գնահատմամբ՝ Թրամփի հարկային պարտավորությունները կարող են կազմել առնվազն 250 միլիոն դոլար։ Եթե ամբողջ եկամուտը հարկվեր ֆիզիկական անձանց դաշնային եկամտահարկի առավելագույն՝ 37% դրույքաչափով, ապա գումարը կարող էր հասնել 518 միլիոն դոլարի՝ առանց հնարավոր նվազեցումները հաշվի առնելու։
Միաժամանակ, հարկային փորձագետները նշում են, որ հարկերի իրական չափը որոշելը գրեթե անհնար է։ Ի տարբերություն ԱՄՆ մի շարք նախկին նախագահների՝ Թրամփը չի հրապարակում իր հարկային հայտարարագրերը, իսկ այն ընկերությունների կառուցվածքը, որոնց միջով անցնում են կրիպտոարժութային նախագծերի եկամուտները, մնում է ոչ թափանցիկ։
«Մենք գիտենք, որ նա շատ մեծ գումար է վաստակել, բայց չգիտենք, թե ինչպես է կազմակերպված ակտիվների տիրապետման կառուցվածքը։ Դա նման է սև արկղի»,- հայտարարել է իրավունքի պրոֆեսոր, կրիպտոարժույթների հարկման մասնագետ Օմրի Մարիանը։
Սպիտակ տունը հրաժարվել է պատասխանել այն հարցերին, թե ինչ հարկեր են վճարվել կրիպտոարժութային եկամուտներից, արդյոք դրանք ձևակերպվել են որպես նախագահի անձնական եկամո՞ւտ, թե՞ ընկերությունների եկամուտ, ինչպես նաև արդյոք օգտագործվել են հարկային նվազեցումներ և վնասների փոխանցումներ։
Ըստ ֆինանսական հայտարարագրի՝ մոտ 625 միլիոն դոլար Թրամփը ստացել է ռոյալթիի տեսքով՝ կապված $TRUMP մեմ-թոքենի լիցենզիոն պայմանագրի հետ։ Եվս ավելի քան 590 միլիոն դոլար նրան բերել են թվային թոքենների վաճառքը և մասնաբաժինը World Liberty Financial կրիպտոընկերությունում, որը նա հիմնադրել է իր որդիների հետ միասին։
Փորձագետները նշում են, որ եթե եկամուտները ստացվել են կորպորատիվ կառուցվածքների միջոցով, դրանք կարող էին հարկվել կորպորատիվ հարկի ավելի ցածր դրույքաչափով։ Բացի դրանից, շահույթը կարող էր մասնակիորեն փոխհատուցվել նախկինում կրած վնասներով, ինչը նույնպես կնվազեցներ հարկային բեռը։
Լրացուցիչ հարցեր է առաջացնում մայիսին ԱՄՆ արդարադատության նախարարության և Թրամփի վարչակազմի միջև կնքված հաշտության համաձայնագիրը՝ նրա հարկային հայտարարագրերի արտահոսքի գործով։
Փաստաթուղթը նախատեսում է, որ ԱՄՆ Ներքին եկամուտների ծառայությունը (IRS) և Ֆինանսների նախարարությունը չեն կարողանա պահանջներ ներկայացնել Թրամփին կամ նրա ընկերություններին՝ նախկին հարկային հայտարարագրերի հիման վրա։ Հենց այդ համաձայնագիրն է, փորձագետների կարծիքով, էլ ավելի սահմանափակում նրա իրական հարկային պարտավորությունների մասին տեղեկություն ստանալու հնարավորությունները։
Source: https://news.am/hy/news/1047484