ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ Վաշինգտոնը Իրանի հետ կհասնի պատմական մասշտաբի համաձայնագրի, և ամերիկյան վարչակազմը չի գնա որևէ այլ պայմանավորվածության։

«Իրանի հետ համաձայնագիրը կա՛մ կլինի մեծ ու բովանդակալից, կա՛մ ընդհանրապես չի լինի։ Այն լիովին կտարբերվի Գործողությունների համատեղ համապարփակ պլանից (ԳՀՀՊ)՝ այն ձախողված գործարքից, որը մշակել էր ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը», — գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։

Թրամփը վստահեցրել է, որ ԳՀՀՊ-ն Իրանի համար ճանապարհ էր հարթում դեպի միջուկային զենք, ինչն ԱՄՆ ներկայիս վարչակազմը թույլ չի տա։

Նախագահը նաև քննադատել է Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներին, որոնք թերահավատորեն են վերաբերվում ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր նոր համաձայնագրի հեռանկարներին։

Source: https://news.am/hy/news/1038130