ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հրաժարվել է հայտնել, թե արդյոք նախատեսում է հայտարարել Եվրոպայում ամերիկյան ռազմական զորակազմի հետագա կրճատման մասին։ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ երկկողմ հանդիպման ընթացքում լրագրողների այս հարցին պատասխանելով՝ նա հայտարարել է. «Կտեսնենք», հաղորդում է CNN հեռուստաալիքը։

Հարցին, թե արդյոք մտադիր է հայտարարել Եվրոպայում ամերիկյան զորքերի թվաքանակի նոր կրճատման մասին, Թրամփը պատասխանել է. «Ինչ խոսք, կտեսնենք»։

ԱՄՆ նախագահը նաև կրկին քննադատել է ՆԱՏՕ-ին՝ հայտարարելով, որ նույնիսկ դիտարկել է գագաթնաժողովին չմասնակցելու հնարավորությունը։

«Ես շատ հիասթափված էի ՆԱՏՕ-ից։ Եվ, անկեղծ ասած, եթե գագաթնաժողովը չանցկացվեր Թուրքիայում, որտեղ իմ ընկերը շատ ուժեղ առաջնորդ է, շատ ուժեղ մարդ, միանգամայն հնարավոր է, որ ես չգայի։ Ես համարեցի, որ պետք է ներկա լինեմ, քանի որ գիտեմ, որ նա արել է հնարավոր ամեն ինչ այս միջոցառումը կազմակերպելու համար», — ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահի հայտարարությունները հնչել են Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայության ապագայի շուրջ շարունակվող քննարկումների ֆոնին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էին քննարկումների ընթացքին ծանոթ աղբյուրները, Թրամփը մասնավոր կարգով դիտարկել էր եվրոպական մայրցամաքում ամերիկյան զորքերի թվաքանակը մոտ մեկ երրորդով կրճատելու հնարավորությունը այն բանից հետո, երբ դժգոհություն էր հայտնել ՆԱՏՕ-ի դաշնակիցների՝ Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողություններին մասնակցելուց հրաժարվելու կապակցությամբ։

Source: https://news.am/hy/news/1048408