ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է 100-դոլարանոց նոր թղթադրամի պատկեր, որի վրա տեղադրված է իր ստորագրությունը։ Դա տեղի է ունեցել մի քանի ամիս անց այն բանից հետո, երբ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր, որ պատմության մեջ առաջին անգամ գործող նախագահի ստորագրությունը կհայտնվի ամերիկյան թղթադրամների վրա, հաղորդում է CNN հեռուստաալիքը։
Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը դեռ մարտին հայտնել էր, որ վարչակազմը նախատեսում է Թրամփի ստորագրությունը տեղադրել թղթադրամների վրա՝ ի պատիվ Միացյալ Նահանգների հիմնադրման 250-ամյակի։ CNN հեռուստաալիքը հարցում է ուղարկել ֆինանսների նախարարություն՝ պարզելու, թե արդյոք նման 100-դոլարանոց թղթադրամներ արդեն տպագրվո՞ւմ են։
Հրապարակված պատկերում նախագահի ստորագրությունը գտնվում է Բեսենթի ստորագրությունից վեր։ Ավելի վաղ 100-դոլարանոց թղթադրամների վրա տեղադրվում էին ֆինանսների նախարարի և ԱՄՆ գանձապետի ստորագրությունները, սակայն ԱՄՆ գործող նախագահի ստորագրությունը ամերիկյան արժույթի վրա երբեք չի եղել։
«Նախագահի ներդրումը պատմության մեջ՝ որպես «Ամերիկայի ոսկե դարի» տնտեսական վերածննդի ճարտարապետ, անհնար է ժխտել։ Նրա ստորագրությունը ամերիկյան արժույթի վրա տեղադրելը ոչ միայն տեղին է, այլև լիովին արժանի», — մարտին այս որոշումը մեկնաբանելով՝ հայտարարել է ԱՄՆ գանձապետ Բրենդոն Բիչը։
Վերջին ամիսներին Թրամփի վարչակազմը ակտիվորեն առաջ է մղում նախագահի անունը, պատկերը կամ խորհրդանիշները տարբեր պաշտոնական փաստաթղթերում և պետական օբյեկտներում տեղադրելու նախաձեռնությունները։ Այսպես, նրա անունը կամ պատկերը արդեն հայտնվել են ամերիկյան հուշանվերային անձնագրում, ազգային պարկեր մուտք գործելու հատուկ անցագրերում, Վաշինգտոնում մի շարք դաշնային գերատեսչությունների մոտ տեղադրված բաններներում, որոշ մշակութային հաստատություններում, այդ թվում՝ ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում, ինչպես նաև երեխաների համար նախատեսված հատուկ ներդրումային հաշիվներում։ Բացի այդ, Ֆլորիդայի Փալմ Բիչի միջազգային օդանավակայանը վերանվանվել է Թրամփի պատվին։
Հանրապետական որոշ օրենսդիրներ առաջարկում են գնալ էլ ավելի հեռու և Թրամփի դիմանկարը տեղադրել 250 դոլար անվանական արժեքով հատուկ հոբելյանական թղթադրամի վրա՝ նվիրված ԱՄՆ-ի 250-ամյակին։ Սակայն այս նախաձեռնության իրականացումը քիչ հավանական է թվում, քանի որ դրա ընդունման համար կպահանջվի դեմոկրատ սենատորների աջակցությունը։
Ամերիկյան գործող օրենսդրությունը նախատեսում է, որ թղթադրամների և պետական արժեթղթերի վրա կարող են պատկերվել միայն մահացած անձինք։ Այնուամենայնիվ, Ներկայացուցիչների պալատ ներկայացված օրինագիծն առաջարկում է բացառություն անել այն անձանց համար, որոնք Միացյալ Նահանգների նախագահներ են կամ եղել են։
Ավելի վաղ այս տարի Գրավյուրայի և տպագրության բյուրոյի աշխատակիցներն արդեն պատրաստել էին Թրամփի դիմանկարով և ստորագրությամբ 250-դոլարանոց թղթադրամի փորձնական նմուշներ։ Մայիսին Սքոթ Բեսենթը, Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ պատասխանելով CNN-ի հարցին, հայտարարել էր, որ չի տեսնում «ոչինչ անպատշաճ»՝ նախագահի պատկերը ամերիկյան արժույթի վրա տեղադրելու մեջ։
«Ես չեմ կարծում, որ սխալ բան կա այն բանում, որ երկրի 250-ամյակին նվիրված հոբելյանական թղթադրամի վրա պատկերված լինի Միացյալ Նահանգների նախագահը», — ասել է Բեսենթը։
Հարցին, թե արդյոք նախագծի պատրաստմանը մասնակցել են վարչակազմի քաղաքական նշանակված անձինք, նախարարը պատասխանել է. «Այո, իհարկե։ Բայց մենք պատրաստվում ենք ամեն ինչի՝ այն դեպքի համար, եթե օրինագիծն ընդունվի»։
Source: https://news.am/hy/news/1047748