ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ հրադադարի դադարեցման մասին։ «Կարծում եմ՝ ամեն ինչ ավարտված է», — ասել է նա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում այն բանից հետո, երբ Վաշինգտոնն ու Թեհրանը կրկին փոխանակվել են Մերձավոր Արևելքում լայնածավալ հարվածներով։ Թրամփը ընդգծել է, որ այլևս չի ցանկանում գործ ունենալ իրանական իշխանությունների հետ, քանի որ դա «ժամանակի զուր կորուստ» է։ «Սրանք հիվանդ մարդիկ են… դաժան և բռնության հակված», — նշել է նա։

Երեքշաբթի ԱՄՆ-ը, ի պատասխան Օրմուզի նեղուցում առևտրային նավերի գնդակոծության, հարվածներ է հասցրել Իրանում ավելի քան 80 ռազմական թիրախների։ Դրանից հետո հուլիսի 8-ի գիշերը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարձակվել է 85 ամերիկյան ռազմական օբյեկտների վրա, այդ թվում՝ Բահրեյնում և Քուվեյթում։ Ավելի վաղ ԱՄՆ-ն ու Իրանը հրադադարի ֆոնին արդեն փոխադարձ հարվածներ էին հասցրել։

Թրամփը չի բացառել, որ Իրանի հետ բանակցությունները կարող են շարունակվել, սակայն լուրջ կասկածներ է հայտնել դրանց արդյունավետության վերաբերյալ։ Նրա կարծիքով՝ հանրապետությունում իշխանության ղեկին գտնվում է «ստախոսների մի խումբ»։ «Սրանք վատ մարդիկ են, և, անկեղծ ասած, ես չեմ ուզում նրանց վրա իմ ժամանակը վատնել։ Եթե մեր հրաշալի բանակցողները ցանկանան շարունակել բանակցությունները՝ խնդրեմ, բայց անձամբ ես դրանում իմաստ չեմ տեսնում», — եզրափակել է Թրամփը։

Source: https://news.am/hy/news/1048577