ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ամենայն հավանականությամբ, հեռախոսազրույց չի ունենա Թայվանի առաջնորդ Լայ Ցինդեի հետ մինչև այս աշնանը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հնարավոր այցը Միացյալ Նահանգներ։ Այս մասին հայտնում է CBS News-ը՝ հղում անելով քննարկումների ընթացքին ծանոթ աղբյուրներին։

Ավելի վաղ Թրամփը երկու անգամ հրապարակավ հայտարարել էր, որ մտադիր է զրուցել Թայվանի առաջնորդի հետ՝ նախքան կղզուն պաշտպանական սպառազինության նոր փաթեթ վաճառելու որոշում կայացնելը։ Մայիսի կեսերին նա լրագրողներին ասել էր, որ ցանկանում է անձամբ քննարկել իրավիճակն այն մարդու հետ, ով ներկայումս ղեկավարում է կղզին։

Այդուհանդերձ, CBS News-ի աղբյուրների տվյալներով, նման զրույց այլևս չի սպասվում։

Այս հարցը հատկապես զգայուն դարձավ Թրամփի՝ վերջերս Չինաստան կատարած այցից հետո։ Ամերիկյան նախագահի հետ բանակցությունների ժամանակ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը զգուշացրել էր, որ Թայվանը կարող է վերածվել «շատ վտանգավոր խնդրի», եթե կղզու շուրջ իրավիճակը սխալ հունով զարգանա։

1979 թվականից ի վեր ԱՄՆ ոչ մի գործող նախագահ ուղիղ բանակցություններ չի վարել Թայվանի առաջնորդի հետ՝ Պեկինի հետ հարաբերություններում Վաշինգտոնի ստանձնած դիվանագիտական պարտավորությունների պատճառով։ Բացառություն էր 2016 թվականի դեկտեմբերը, երբ Թրամփը, դեռևս չստանձնած նախագահի պաշտոնը, ընդունեց Թայվանի այն ժամանակվա առաջնորդ Ցայ Ինվենի շնորհավորական հեռախոսազանգը։

ԱՄՆ-ում Թայվանի ներկայացուցիչ Ալեքսանդր Յուն ավելի վաղ հայտարարել էր, որ Լայ Ցինդեն պատրաստ կլինի ամերիկյան նախագահին ներկայացնել իրավիճակի վերաբերյալ թայվանական կողմի տեսակետը և պատմել Չինաստանի ճնշումներին կղզու դիմակայության մասին։

Վաշինգտոնում Թայվանի ներկայացուցչությունը CBS News-ին հայտնել է, որ դեռևս սպասում է հնարավոր հեռախոսազրույցի վերաբերյալ ամերիկյան կողմի տեղեկատվությանը։

Այն բանից հետո, երբ Թրամփն առաջին անգամ խոսեց թայվանական առաջնորդի հետ հնարավոր շփման մասին, Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը վերահաստատեց իր դիրքորոշումը՝ դեմ արտահայտվելով ԱՄՆ-ի և Թայվանի միջև ցանկացած պաշտոնական շփման, ինչպես նաև կղզուն ամերիկյան զենքի մատակարարմանը։

Պեկին կատարած այցի ժամանակ Թրամփը հայտնել էր, որ Սի Ծինփինի հետ մանրամասն քննարկել է Թայվանին սպառազինության վաճառքի հարցը։ Ավելի ուշ Fox News-ին տված հարցազրույցում նա նշել էր, որ ժամանակավորապես կասեցնում է մատակարարումների վերաբերյալ որոշումը և հաշվի կառնի Չինաստանի հետագա քայլերը։ Միևնույն ժամանակ, նախագահն ակնարկել էր, որ Թայվանի զինման հարցը Վաշինգտոնի կողմից կարող է օգտագործվել որպես բանակցային գործոն։

Այս դիրքորոշումը հարցեր է առաջացրել, քանի որ Ռոնալդ Ռեյգանի վարչակազմի կողմից տրված այսպես կոչված «Վեց հավաստիացումների» շրջանակում ԱՄՆ-ը պարտավորվել էր Պեկինի հետ չհամաձայնեցնել Թայվանին սպառազինության վաճառքի վերաբերյալ որոշումները։

Ինքը՝ Թրամփը, լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ Չինաստանի ղեկավարի հետ բանակցությունների ժամանակ զենքի մատակարարման հարցն, այնուամենայնիվ, քննարկվել է։

Թայվանի համար ամերիկյան սպառազինության վերջին փաթեթի մասին (11 միլիարդ դոլար արժողությամբ) հայտարարվել էր անցյալ տարվա դեկտեմբերին։ 14 միլիարդ դոլար արժողությամբ նոր փաթեթը քննարկվում է հունվարից, սակայն դեռևս չի ստացել ԱՄՆ Պետդեպարտամենտի վերջնական հավանությունը և սպասում է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ստորագրությանը։

ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարարի պաշտոնակատար Հունգ Կաոն ավելի վաղ Կոնգրեսին հայտնել էր, որ որոշումը ժամանակավորապես սառեցվել է՝ Իրանի դեմ գործողությունների ֆոնին ամերիկյան բանակի զինամթերքի պաշարների բավարարվածությունը ստուգելու նպատակով։ Այդուհանդերձ, CBS News-ի աղբյուրն ավելի ուշ պարզաբանել է, որ ձգձգումը կապված չէ իրանական ուղղության հետ, և նախագահը որոշում կկայացնի մոտ ժամանակներս։

CBS News-ին տված հայտարարության մեջ Վաշինգտոնում Թայվանի ներկայացուցչությունն ընդգծել է, որ Թայբեյի և Վաշինգտոնի միջև շփումները մնում են բաց ու կայուն, իսկ ԱՄՆ քաղաքականությունն անփոփոխ է և ուղղված է Թայվանի նեղուցում խաղաղության ու կայունության պահպանմանը։

Սպիտակ տունն ավելի վաղ հայտարարել էր, որ Թրամփը Սի Ծինփինին հրավիրել է ԱՄՆ այցելել սեպտեմբերի 24-ին։ Չինական կողմն առայժմ պաշտոնապես չի հաստատել հրավերի ընդունումը։

Վաշինգտոնում Չինաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալ Ցյու Վենսինը լրագրողներին հայտնել է, որ Սի Ծինփինը համաձայնել է այս աշնանն այցելել Միացյալ Նահանգներ, սակայն հստակ ամսաթիվը դեռ որոշված չէ, քանի որ նման կարևոր պետական այցի համար նախևառաջ անհրաժեշտ է ստեղծել բարենպաստ պայմաններ։

Չնայած Թայվանի հետ հեռախոսազրույցի պլանների բացակայությանը՝ CBS News-ի աղբյուրները նշում են, որ Թրամփն ավանդաբար նախընտրում է պահպանել մանևրելու հնարավորությունը և չի բացառում իրադարձությունների զարգացման այլ սցենարներ։

Source: https://news.am/hy/news/1039530