ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հայտնել է, որ նախատեսում է հուլիսին այցելել Անկարայում անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, գրում է Middle East Eye (MEE) պարբերականը՝ հղում անելով բազմաթիվ աղբյուրների։

Այս այցը կարող է գագաթնաժողովը դարձնել ՆԱՏՕ-ի վերջին տասնամյակների ամենանշանակալի հանդիպումներից մեկը, քանի որ ԱՄՆ-ը կշռադատում է Եվրոպայից իր զորքերը դուրս բերելու հնարավորությունը։

Ըստ հաղորդագրության՝ Թրամփը Էրդողանին գագաթնաժողովին մասնակցելու համար Անկարա գալու իր մտադրության մասին հայտնել է մայիսի 20-ին անցկացված հեռախոսազրույցի ընթացքում։

Ապրիլին Թրամփը հայտարարել էր, որ լրջորեն դիտարկում է ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու հնարավորությունը, և հիասթափություն էր հայտնել դաշինքի գործունեությունից։

Սակայն Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ նա փոխել է տոնը՝ հայտարարելով, որ նախատեսում է այցելել Անկարայի հանդիպմանը։

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անցած հանգստյան օրերին հայտնել էր, որ Էրդողանը վերջին ամսվա ընթացքում մի քանի անգամ խոսել է Թրամփի հետ, և այդ զրույցներից ոչ մեկում ամերիկացի առաջնորդը հասկացնել չի տվել, թե բաց կթողնի գագաթնաժողովը։ Ակնկալվում է, որ Թրամփը կկատարի Թուրքիա այցելելու իր պարտավորությունը, քանի որ Էրդողանը նախկինում այցեր է կատարել Վաշինգտոն ինչպես Թրամփի առաջին, այնպես էլ երկրորդ ժամկետի ընթացքում, իսկ ԱՄՆ նախագահը խոստացել էր պատասխան այց կատարել։

Ընդսմին, պաշտոնյաները նշում են, որ Թրամփը հայտնի է իր իմպուլսիվ արարքներով, և վերջնականապես դեռ ոչինչ հաստատված չէ։

Որոշ հաղորդագրություններում ենթադրվում է, որ Էրդողանը հույս ունի նաև Թրամփի հետ հանդիպել Լոս Անջելեսում՝ հունիսի 25-ին նախատեսված ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղի ժամանակ։

Խնդրին ծանոթ աղբյուրները MEE-ին հայտնել են, որ Էրդողանը սիրում է հաճախել ֆուտբոլային խաղերի՝ թուրքական հավաքականին աջակցելու համար: Եթե Էրդողանը մեկնի Լոս Անջելես, նա կարող է փորձել հանդիպել Թրամփի հետ և նրա հետ միասին դիտել խաղը, նշել են աղբյուրները:

Սակայն այս այցի վերաբերյալ որոշումը դեռևս ընդունված չէ:

Անկարայի գագաթնաժողովը խիստ կարևոր նշանակություն ունի ՆԱՏՕ-ի համար

Եվրոպացի պաշտոնյաները գնալով ավելի մեծ կարևորություն են տալիս Անկարայում անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին՝ դաշինքի ապագայի վերաբերյալ պահպանվող հարցերի ֆոնին:

«Եթե նա գա, հնարավոր է քաոս և բարձր տոնով բանավեճեր,- MEE-ին ասել է եվրոպացի պաշտոնյաներից մեկը:- Սակայն, եթե նա չգա, դա հսկայական վնաս կհասցնի դաշինքի ապագային»։

Մյուս եվրոպացի պաշտոնյաները հայտարարել են, որ գագաթնաժողովը կարող է դառնալ վերջին տասնամյակների ամենակարևոր հանդիպումը, քանի որ ԱՄՆ-ը ազդանշաններ է հղում այն մասին, որ ինքը, հնարավոր է, այլևս չի պաշտպանելու Եվրոպան արտաքին սպառնալիքներից:

Ակնկալվում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և եվրոպական այլ առաջնորդներ կփորձեն Թրամփին համոզել տրանսատլանտյան անվտանգության համար դաշինքի ունեցած կարևորության հարցում:

Որոշ պաշտոնյաներ կարծում են, որ լավագույն բանը, որ կարող են անել Թուրքիան՝ որպես հյուրընկալող կողմ, և մյուս դաշնակիցները, Վաշինգտոնից Եվրոպայից ամերիկյան զորքերի ոչ թե կտրուկ, այլ աստիճանական դուրսբերման ճանապարհային քարտեզ ստանալու փորձն է։

«Մեզ անհրաժեշտ է նոր շրջանակ, որը կարող է միաժամանակ հաշվի առնել Թրամփի ցանկությունները և բավարարել Եվրոպայի անվտանգության կարիքները,- նշել է եվրոպացի դիվանագետներից մեկը:- Բայց դրա համար տարիներ կպահանջվեն»։

Source: https://news.am/hy/news/1040059