ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում Ազգային մոլում ԱՄՆ Անկախության օրվա առթիվ ունեցած ելույթի ընթացքում կրկին խիստ քննադատել է կոմունիզմը՝ այն հակադրելով ամերիկյան պետական կառավարման համակարգին և երկրի Սահմանադրությամբ ամրագրված արժեքներին, հայտնում է NBC News-ը։

Ամերիկացի առաջնորդը նշել է, որ կոմունիստական համակարգը պատմականորեն ապացուցել է իր անկարողությունը։

«Կոմունիզմը պարտված գաղափարախոսություն է, և այդպես կլինի միշտ։ Կոմունիստական համակարգը ամերիկյան համակարգի լիակատար հակադրությունն է, և այն երբեք չի գործել։ Մենք նախընտրում ենք նման սպառնալիքը կանգնեցնել անմիջապես՝ դեռ մինչև դրա սկսվելը։ Դա քաղցկեղի պես է․ պետք է հեռացնել այն, և արագ հեռացնել»,- հայտարարել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև ընդգծել է, որ, իր կարծիքով, ամերիկյան պատմությունը ցույց է տալիս իր ազատությունները պաշտպանելու երկրի պատրաստակամությունը։

«Դա տեղի չի ունենա։ Կոմունիստների այս բոլոր խոսակցությունները ոչ մի շանս չունեն՝ ընդհանրապես ոչ մի։ Մենք կոմունիստներ չենք ուզում մեր երկրում։ Դա երբեք չի աշխատել և երբեք չի աշխատի»,- ասել է նա։

Այնուհետև Թրամփը թվարկել է ԱՄՆ Սահմանադրությամբ երաշխավորված հիմնական ազատությունները, այդ թվում՝ խոսքի ազատությունը, դավանանքի ազատությունը և օրենքի առաջ բոլորի հավասարությունը։

Նա նաև հայտարարել է, որ, ի տարբերություն կոմունիստների, ամերիկացիները ընդունում են, որ «բոլոր մարդիկ ստեղծված են միակ Ամենակարող Աստծո պատկերով»։

Դրանից մեկ օր առաջ, ելույթ ունենալով Ռաշմոր լեռան մոտ, Դոնալդ Թրամփն արդեն հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներին սպառնում է «կոմունիստական վտանգը»։ Ընդ որում՝ ոչ այս, ոչ նախորդ ելույթում նա կոնկրետ քաղաքական գործիչների անուններ չէր տվել։

Միևնույն ժամանակ, ավելի վաղ ԱՄՆ նախագահը բազմիցս քննադատել էր Դեմոկրատական կուսակցության ձախ թևի ներկայացուցիչներին, այդ թվում՝ Նյու Յորքում նախնական ընտրություններում հաջողության հասած դեմոկրատ սոցիալիստներին, մասնավորապես քաղաքի քաղաքապետ Զոհրան Մամդանիին։

Source: https://news.am/hy/news/1047892