ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանի դեմ պատերազմը սկսել են համակարգման աննախադեպ մակարդակով։ Այժմ՝ երեք ամիս անց, նրանք վիճում են այն հարցի շուրջ, թե ինչպես ավարտին հասցնել այս հակամարտությունը, գրում է The Wall Street Journal-ը։
Թրամփը ձգտում է դիվանագիտական համաձայնագրի, որը հնարավորություն կտա վերաբացել Հորմուզի նեղուցը, ոչնչացնել Իրանում հարստացված ուրանի պաշարները և վերջ դնել մի հակամարտության, որը հանգեցրել է էներգակիրների գների աճին և պառակտել իր քաղաքական էլեկտորատը։ Միևնույն ժամանակ, Նեթանյահուն իսրայելական հասարակության կողմից ենթարկվում է կոշտ ներքին ճնշման, որը պահանջում է ակտիվացնել ռազմական գործողությունները «Հըզբոլլահի» դեմ։
Անցած շաբաթվա ընթացքում այս լարվածությունը հանրայնացվեց Լիբանանում տիրող իրավիճակի պատճառով։ Թեհրանը Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև մարտական գործողությունների դադարեցումը դրել է որպես պարտադիր պայման Վաշինգտոնի հետ ավելի լայն բանակցությունների համար։ Մի շարք ինտենսիվ հանդիպումների արդյունքում ձեռք է բերվել փխրուն համաձայնություն. «Հըզբոլլահը» դադարեցնում է հարձակումները Իսրայելի վրա, իսկ Իսրայելը պարտավորվում է հարվածներ չհասցնել Բեյրութին, թեև այլ շրջաններում մարտական գործողությունները երեքշաբթի շարունակվել են։
Ինչպես հայտնում են ամերիկյան պաշտոնյաները, ամեն ինչ սկսվել է ուրբաթ օրը, երբ Թրամփը խորհրդականներին հավաքել է Սպիտակ տան Իրավիճակային սենյակում և հայտարարել, որ ցանկանում է Իրանից ստանալ ավելի շահավետ խաղաղության առաջարկ՝ երաշխիքներով, որ Թեհրանը երբեք չի ձգտի միջուկային զենքի ստեղծմանը, և հստակ ծրագրնով՝ նրա հարստացված ուրանի ոչնչացման վերաբերյալ։ Դա կոշտ ու հրատապ պահանջ էր, քանի որ դրանից քիչ առաջ Թրամփը հրապարակավ հայտարարել էր, որ գործարքն արդեն մոտ է։
Սակայն հասունանում էր նոր խնդիր։ Նեթանյահուն Լիբանանում խոշոր ռազմական գործողություն էր ծավալում «Հըզբոլլահի» դեմ։ Թրամփին տեղեկացրել էին, որ լիբանանյան ճակատում լարվածությոնը կարող է ամբողջությամբ ձախողել Իրանի հետ խաղաղության բանակցությունները։
Երկուշաբթի Թրամփը երկու ծայրահեղ լարված հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ նախապատրաստվող գործողության շուրջ, ինչի մասին հայտնել են իրավիճակին ծանոթ երկու աղբյուրներ։ Նրանց փոխանցմամբ՝ երկու զրույցներում էլ Թրամփը կոշտ ձևով Իսրայելից պահանջել է դադարեցնել հարվածները Բեյրութին, ինչը հանգեցրել է բուռն բանավեճերի։
Երկրորդ զանգի ժամանակ կրքերը հասել են գագաթնակետին, քանի որ Նեթանյահուն շարունակում էր պնդել «Հըզբոլլահին» հարվածներ հասցնելու անհրաժեշտությունը։ Թրամփը, անցնելով գոռգոռոցի, Նեթանյահուին հայտարարել է, որ նա պարտավոր է ենթարկվել, քանի որ «առանց Սպիտակ տան աջակցության ինքն արդեն բանտում կնստեր», պնդում են աղբյուրները։ Հիշեցնենք, որ Իսրայելում Նեթանյահուի դեմ շարունակվում է դատական գործընթացը կոռուպցիայի գործով, և Թրամփը նախկինում բազմիցս կոչ է արել ներում շնորհել նրան։
Այս զանգերը շարունակել են Թրամփի և Նեթանյահուի միջև կոշտ քննարկումների շարքը, ներառյալ անցյալ ամիս նրանց ծանր խոսակցությունը։ Թրամփը նախկինում էլ չէր ամաչում արտահայտություններում, երբ խոսում էր վարչապետի մասին. անցյալ տարի նա դժգոհում էր իր օգնականներին, որ Նեթանյահուն «հարվածի տակ է դնում իրեն» Գազայում ՀԱՄԱՍ-ի դեմ իր հարվածներով, որոնց ԱՄՆ-ը դեմ էր։
Երկուշաբթի օրվա խոսակցությունները ակնառու կերպով ցույց են տալիս, թե որքան դժվար է պահպանել այն սերտ համագործակցությունը, որը Թրամփն ու Նեթանյահուն ցուցադրում էին Իրանի հետ ակտիվ մարտերի փուլում, երբ Վաշինգտոնի ուշադրության կենտրոնը տեղափոխվում է հակամարտության ավարտին։
«Կարծում եմ՝ այստեղ լուրջ տարաձայնություններ կան,- նշում է Իսրայելի ռազմական հետախուզության նախկին աշխատակից և Թել Ավիվի Ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի (INSS) ավագ գիտաշխատող Դենի Սիտրինովիչը։ - Թրամփը ցանկանում է սպառել բոլոր դիվանագիտական ջանքերը և չի հանդուրժի ոչ մի ձախողում»։
Ժամանակը ստիպում է շտապել երկու առաջնորդներին էլ. աշնանը նրանց ընտրություններ են սպասվում, ընդ որում՝ ընտրողները նրանց մղում են միանգամայն հակադիր ուղղություններով։
Թրամփի վրա ճնշում են գործադրում՝ պահանջելով հնարավորինս շուտ դադարեցնել պատերազմը, որը կտրուկ բարձրացրել է էներգակիրների գները և բացահայտել պառակտումը նրա սեփական՝ MAGA շարժման ներսում, որտեղ այնպիսի ազդեցիկ դեմքեր, ինչպիսին է Թաքեր Կառլսոնը, հրապարակավ կասկածի տակ են դրել ԱՄՆ-ի կողմից Իսրայելին անվերապահորեն աջակցելու նպատակահարմարությունը։
Նեթանյահուն, ընդհակառակը, բախվում է իսրայելցի ընտրողների պահանջներին՝ առավելագույնս խիստ միջոցներ ձեռնարկել «Հըզբոլլահի» դեմ։
Իրանն անմիջապես օգտվեց այս պառակտումից։ Երկուշաբթի պետական լրատվամիջոցների միջոցով Թեհրանը սպառնացել է ամբողջությամբ դուրս գալ Վաշինգտոնի հետ բանակցություններից, եթե Իսրայելն ընդլայնի հարվածների մասշտաբները Բեյրութի հարավային արվարձանների ուղղությամբ։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը փորձում է տարանջատել Իրանի շուրջ բանակցությունների և Իսրայել-Լիբանան գծով ընթացող գործընթացները՝ չնայած դրանք մեկ ամբողջության մեջ կապելու Թեհրանի բոլոր փորձերին։
«Մենք ջանում ենք լիբանանա-իսրայելական բանակցությունները դիտարկել որպես Իրանից առանձին մի բան, մինչդեռ Իրանն ուզում է ամեն ինչ խառնել մի կույտի մեջ», — երեքշաբթի Կոնգրեսի լսումների ժամանակ հայտարարել է Ռուբիոն։
Նա Թեհրանին մեղադրել է «ցանկացած ջանք արգելափակելու փորձերի մեջ, որոնց շրջանակում Իսրայելն ու Լիբանանը կարող էին համաձայնության գալ՝ գործընթացը ձգձգելու նպատակով։ Այդ ժամանակ, եթե ապագայում պայմանավորվածություն ձեռք բերվի, նրանք կկարողանան այդ արդյունքը վերագրել իրենց՝ հայտարարելով, թե ստիպել են կողմերին գնալ այդ քայլին»։
Միևնույն ժամանակ, որոշ դեմոկրատներ փորձել են Իրանի հետ պատերազմ սկսելու Թրամփի որոշումը կապել Նեթանյահուի հետ նրա չափից ավելի սերտ հարաբերությունների հետ։
«Նեթանյահուն ասում էր, որ սրան սպասել է 40 տարի,- լսումների ժամանակ դիմելով Ռուբիոյին՝ ասել է դեմոկրատ սենատոր Քրիս Վան Հոլենը։ - Դե ինչ, պարզվում է՝ նա վերջապես գտավ մի նախագահի, որը միաժամանակ թե՛ բավականաչափ հիմար էր, թե՛ անպատասխանատու, որպեսզի միանա իրեն»։ Ռուբիոն պատասխանել է, որ կտրականապես համաձայն չէ այդ պնդման հետ։
Սկզբում Թրամփն արհամարհեց ԱՄՆ-ի հետ բանակցությունները ձախողելու Իրանի սպառնալիքները, սակայն հետո ուժեղացրեց ճնշումը Նեթանյահուի վրա՝ ստիպելով նրան զսպել հարվածները։
Իսրայելը հայտարարեց, որ ի վերջո համաձայնել է չռմբակոծել Բեյրութը, եթե «Հըզբոլլահը» զերծ մնա իսրայելական քաղաքների վրա հարձակումներից։ Այնուամենայնիվ, իսրայելական և լիբանանյան պաշտոնյաների հայտարարությունները մատնանշում են, որ այս փոխըմբռնումը չի տարածվում Լիբանանի հարավի վրա, որտեղ երեքշաբթի կատաղի մարտերը շարունակվել են։
Այս վեճն արտացոլում է ավելի խոր տարաձայնություններ պատերազմի վերջնակետի վերաբերյալ։ Իսրայելի պաշտպանական էլիտան Իրանի ղեկավարության մեջ գոյաբանական սպառնալիք է տեսնում և մտավախություն ունի, որ Թրամփը կարող է թուլացնել Թեհրանի նկատմամբ ճնշումը դեռ նախքան միջուկային ծրագրի վերաբերյալ նրանից իրական զիջումներ կորզելը։ Թրամփը, թեև Իրանից խիստ պայմաններ է պահանջում, զուգահեռաբար դիվանագիտական ուղի է փնտրում պատերազմից դուրս գալու համար։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հինգշաբթի անցկացված մամուլի ասուլիսում հաստատել է, որ Իրանի հետ գործարքն ուղղակիորեն կախված է Հորմուզի նեղուցի բացումից և իր բարձր հարստացված ուրանը հանձնելու Թեհրանի համաձայնությունից։
Թրամփի միջամտությունը քննադատության մեծ ալիք բարձրացրեց Իսրայելում, որտեղ ընդդիմախոսները Նեթանյահուին մեղադրեցին այն բանի համար, որ նա թույլ է տվել Վաշինգտոնին կաշկանդել իսրայելական բանակի ձեռքերը։ Ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը հայտարարեց, որ այս միջադեպի պատճառով Իսրայելը նմանվում է «բացարձակ պրոտեկտորատի»։
Նմանատիպ շփումները հատկապես զարմանալի են թվում՝ հաշվի առնելով, որ Թրամփն ու Նեթանյահուն այս պատերազմի մեջ էին մտել հազվագյուտ միահամուռ մթնոլորտում։ Ամերիկյան լցարկող ինքնաթիռներն ապահովում էին իսրայելական ավիացիայի թռիչքները, իսկ երկու երկրների պաշտոնյաները համատեղ ծրագրում էին մարտական գործողությունները։ Թրամփն ու Նեթանյահուն հրապարակավ հռչակում էին ընդհանուր նպատակը՝ կործանել Իրանի միջուկային ծրագիրը և խարխլել տարածաշրջանին սպառնալու ռեժիմի կարողությունը։
Բայց այն բանից հետո, երբ Իրանը կաթվածահար արեց նավագնացությունը Հորմուզի նեղուցում և վեր թռցրեց էներգակիրների համաշխարհային գները, Վաշինգտոնի առաջնահերթությունները սկսեցին կտրուկ շեղվել դեպի դիվանագիտական կարգավորում։
Մայիսի վերջին ունեցած հերթական ծանր խոսակցությունից հետո Թրամփը հրապարակավ գովեց Նեթանյահուին որպես պատերազմական ժամանակաշրջանի առաջնորդ, սակայն բազմիմաստ հավելեց. «Նա կանի այն ամենը, ինչ ես կպահանջեմ իրենից»։
«Սա Դոնալդ Թրամփի շոուն է,- ամփոփել է վերլուծաբան Դենի Սիտրինովիչը, -սա Բենիամին Նեթանյահուի շոուն չէ»։
Source: https://news.am/hy/news/1040656