ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հետ խաղաղության համաձայնագիր կկնքի միայն այն դեպքում, եթե այն համապատասխանի իր բոլոր պայմաններին։ Այս մասին հակամարտության հնարավոր կարգավորման շուրջ շարունակվող քննարկումների ֆոնին AFP գործակալությանը հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
Ավելի վաղ Սպիտակ տունն ակնարկել էր, որ Թրամփը մոտ է հավանական համաձայնագրի վերաբերյալ որոշում կայացնելուն։ Այդուհանդերձ, Թեհրանը հայտարարել է, որ պատերազմի դադարեցման շուրջ վերջնական պայմանավորվածություն դեռևս ձեռք չի բերվել։
Ամերիկյան աղբյուրների տվյալներով՝ շաբաթներ տևած բարդ բանակցություններից հետո համաձայնագրի նախագիծն արդեն սպասում է ԱՄՆ նախագահի վերջնական հավանությանը։ Ուրբաթ օրը Թրամփը երկու ժամանոց խորհրդակցություն է անցկացրել Սպիտակ տան Իրավիճակային սենյակում, սակայն վերջնական որոշում այդպես էլ չի կայացվել։
«Նախագահ Թրամփը կկնքի միայն այնպիսի գործարք, որը բխում է Ամերիկայի շահերից և համապատասխանում է իր սահմանած «կարմիր գծերին»»,- հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը՝ հավելելով նաև, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա։
Սոցցանցերի իր էջերում արած հրապարակման մեջ Թրամփը կրկին հնչեցրել է Վաշինգտոնի առանցքային պահանջները․ Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենքի մշակումից և պետք է վերականգնվի Հորմուզի նեղուցով լիարժեք նավագնացությունը։
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային մերժել է նման հռետորաբանությունը։ Նա հաստատել է, որ կողմերի միջև հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է, սակայն նշել է, որ որևէ վերջնական համաձայնություն դեռևս չկա։
Թրամփը նաև պնդել է, որ համաձայնագրի շրջանակում Իրանը ստիպված կլինի հեռացնել ծովային ականները Հորմուզի նեղուցից և դադարեցնել ջրային ուղու արգելափակումն ու որևէ վճարի գանձումը, իսկ ԱՄՆ-ն, իր հերթին, կվերացնի իրանական նավահանգիստների սեփական շրջափակումը։ Բացի այդ, նրա խոսքով, Վաշինգտոնն ու Թեհրանը համատեղ կհամակարգեն Իրանի հարստացված ուրանի պաշարների դուրսբերման ու ոչնչացման գործընթացը։ Նա հավելել է, որ այս փուլում դրամական միջոցների փոխանցում նախատեսված չէ։
Այդուհանդերձ, իրանական Fars գործակալությունը, հղում անելով սեփական աղբյուրներին, կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի մի շարք հայտարարություններ։ Գործակալության տվյալներով՝ Իրանը պահանջում է անհապաղ սառեցումից հանել իր 12 միլիարդ դոլարի ակտիվներ, իսկ հետո անցնել բանակցությունների հաջորդ փուլին։
Աղբյուրները նաև պնդում են, որ համաձայնագրի տեքստում բացակայում է Հորմուզի նեղուցով անվճար անցման վերաբերյալ կետը, իսկ հարստացված ուրանի իրանական պաշարների ոչնչացման մասին հայտարարությունները որակվել են որպես անհիմն։
Source: https://news.am/hy/news/1039523
World
Թրամփն Իրանի հետ կկնքի միայն իր սահմանած «կարմիր գծերին» համապատասխանող գործարք․ Սպիտակ տուն
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։