ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է «մեծ առաջնորդ» և հայտարարել, որ Անկարայում ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովն անցել է «շատ հաջող», հաղորդում է Anadolu գործակալությունը:
«Մենք հենց նոր ավարտեցինք ՆԱՏՕ-ի շատ հաջողված գագաթնաժողովն այստեղ՝ Թուրքիայում»,- ասել է Թրամփը՝ դաշինքի առաջնորդների հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում:
Ամերիկյան առաջնորդը շնորհակալություն է հայտնել Էրդողանին գագաթնաժողովը հյուրընկալելու համար՝ նշելով, որ Թուրքիայի նախագահն իր վաղեմի ընկերն է:
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Էրդողանին, որն իսկապես մեծ մարդ է: Նա մեծ առաջնորդ է, նա իմ ընկերն է, մենք վաղուց ենք ճանաչում միմյանց: Նա ուժեղ անհատականություն է, շատ ուժեղ անհատականություն, և հենց այդ պատճառով է նա ղեկավարում այսպիսի հաջողակ ու լավ երկիր»,- հայտարարել է Թրամփը:
Անկարայի գագաթնաժողովին մասնակցել են ՆԱՏՕ-ի 32 երկրների առաջնորդները և դաշինքի հիմնական գործընկերները: Մասնակիցները քննարկել են Եվրոպայի պաշտպունակությանը, պաշտպանական ծախսերի ավելացման նպատակներին, զինված ուժերի արդիականացմանը և Ուկրաինային հետագա աջակցությանը վերաբերող հարցեր:
Թրամփը հայտնել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է պաշտպանական ծախսերը մինչև ՀՆԱ-ի 5%-ի հասցնելու նպատակը:
«Այսօր առավոտյան անցկացված աշխատանքային նիստում քննարկեցինք այն առաջընթացը, որին դաշինքի մյուս անդամները հասել են 5%-ի նպատակին հասնելու ճանապարհին: Ոմանք իսկապես արձագանքել են այդ կոչին, մյուսները լուրջ փոփոխություններ են իրականացնում և կշարժվեն դեպի այդ նպատակը»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Նա ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել արագացնել սահմանված ցուցանիշին հասնելու ծրագրերի կատարումը՝ ընդգծելով, որ 5%-ի նպատակը «պետք է սահմանված լիներ դեռ շատ տարիներ առաջ»:
Թրամփը հայտարարել է նաև, որ գագաթնաժողովում դաշինքի մասնակիցների միջև «ահռելի միասնություն» էր տիրում:
Source: https://news.am/hy/news/1048683