ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2025 թվականի իր ֆինանսական հաշվետվությունում նշել է 10,71 մլն դոլարի եկամուտ, որը ստացել է «Մելանիա» փաստագրական ֆիլմի համար լիցենզային վճարի տեսքով։ Ֆիլմը նվիրված է առաջին տիկնոջը և թողարկվել է Amazon MGM Studios ստուդիայի կողմից, հաղորդում է Variety-ն։

Ավելի վաղ հրապարակված տեղեկությունների համաձայն, Amazon MGM Studios-ը ֆիլմի իրավունքների համար վճարել է մոտ 40 մլն դոլար և հավելյալ ծախսել է մոտ 35 մլն դոլար դրա առաջխաղացման վրա։ Ֆիլմը համաշխարհային վարձույթում հավաքել է մոտ 16,6 մլն դոլար, որից հետո տեղադրվել է Prime Video հարթակում։

Հաշվետվությունում նշված են նաև նախագահի ընտանիքի լրացուցիչ եկամուտները՝ ավելի քան 521 հազար դոլար Մելանիա Թրամփի հուշագրության իրավունքների համար և մոտ 6 մլն դոլար՝ առաջին տիկնոջ հետ կապված NFT-ների և այլ թվային հավաքածուային ակտիվների վաճառքից։

Թրամփի՝ 2025 թվականի ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել է առնվազն 2,2 մլրդ դոլար, ինչը ավելի քան կրկնակի գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Եկամուտների զգալի մասը, ըստ հաշվետվության, ապահովել են կրիպտոարժութային նախագծերը, ներառյալ դրանց հետ կապված ներդրումային կառուցվածքները։ Նշվում է նաև, որ ակտիվների մի մասը կապված է միջազգային ներդրողների հետ, այդ թվում՝ ԱՄԷ-ի հետ ասոցացված հիմնադրամի։

Հայտարարագրում առանձին նշված են նաև խոշոր տեխնոլոգիական և մեդիա ընկերություններում առկա ակտիվները, այդ թվում՝ Disney, Netflix, Amazon, Apple, Nvidia, Microsoft, Meta և այլ ընկերություններում։ Truth Social-ի մայր ընկերություն հանդիսացող Trump Media & Technology Group-ում բաժնեմասը գնահատվում է մոտ 900 մլն դոլար՝ չնայած նրան, որ բաժնետոմսերի արժեքը տարվա ընթացքում նվազել է ավելի քան 40%-ով։

Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտարարել է, որ նախագահը և նրա ընտանիքը շահերի բախման մեջ ներգրավված չեն։ Վարչակազմում ընդգծել են, որ Թրամփի բոլոր գործողություններն ուղղված են տնտեսական աճի խթանմանը և տեխնոլոգիական ոլորտների, այդ թվում՝ կրիպտոարդյունաբերության, զարգացմանը։

Միևնույն ժամանակ, Դեմոկրատական կուսակցության քննադատները հայտարարել են շահերի բախման հնարավոր նշանների մասին՝ մատնանշելով Amazon-ի մասնակցությամբ խոշոր գործարքները։ Ընկերության ներկայացուցիչներն իրենց հերթին մերժել են մեղադրանքները՝ հայտարարելով, որ ֆիլմի իրավունքների ձեռքբերումը մրցակցային ընտրության արդյունք էր և կոմերցիոն առումով հիմնավորված որոշում։

Հայտարարագրում արտացոլված են նաև մեդիա ընկերությունների հետ մի շարք դատական կարգավորումների շրջանակում կատարված վճարումները, այդ թվում՝ Disney/ABC, CBS, Meta, YouTube և X (Twitter), որոնք կապված էին զրպարտության հայցերի և 2021 թվականի հունվարի 6-ի իրադարձություններից հետո ԱՄՆ նախագահի հաշվի արգելափակման հետ։ Այդ վճարումների մի մասն ուղղվել է նախագահական գրադարանի հիմնադրամին և այլ հասարակական կառույցների։

Source: https://news.am/hy/news/1047958