ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդիներին մասնակիորեն պատկանող ընկերության ներդրողները 20% բաժնեմաս են ստացել Ղազախստանում վոլֆրամի արդյունահանման նախագծի հետ կապված մի կառույցում։ Այս մասին գրում է New York Times-ը։
Պարբերականի տվյալներով՝ անցյալ տարվա սեպտեմբերին ամերիկյան կողմը (ի դեմս առդեմ հանդիպում ունեցած առևտրի նախարար Հովարդ Լատնիկի և հեռախոսով միացած նախագահ Դոնալդ Թրամփի) համաձայնություն է կորզել Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևից՝ «քիչ հայտնի մի ամերիկյան ընկերության հասանելիություն տրամադրել վոլֆրամի՝ աշխարհում խոշորագույն չշահագործվող հանքավայրերից մեկին»։
«Այս հնարավորությունը միայն Թրամփն ու Լատնիկը չէ, որ նկատեցին։ Շատ չանցած՝ նրանց որդիները սկսեցին բիզնես անել հենց այն գործարքի գործընկերների հետ, որը հարթել էին իրենց հայրերը»,- նշում է թերթը։
Ըստ հոդվածի՝ Dominari Securities ընկերության ներդրողները (որը մասամբ պատկանում է ԱՄՆ նախագահի երկու ավագ որդիներին՝ Դոնալդ Թրամփ կրտսերին և Էրիկ Թրամփին), այլ գործընկերների հետ միասին, 20 տոկոս բաժնեմաս են ստացել ղազախական նախագծի հետ փոխկապակցված կորպորատիվ կառույցում։
Բացի այդ, ինչպես հայտնում է NYT-ը, Cantor Fitzgerald ներդրումային ընկերությունը, որը վերահսկվում է Լատնիկի ընտանիքի կողմից և որի գործերը տնօրինում են նրա որդիները՝ Բրենդոնն ու Քայլը, օգնել է ղազախական գործարքի շրջանակում Dominari-ի հետ համագործակցող առաջատար ներդրողներից մեկին 210 միլիոն դոլար ներգրավել դրա հետ կապված կառույցի համար։
Source: https://news.am/hy/news/1046546