ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայցեր է ներկայացրել ամերիկյան չորս նահանգների դեմ՝ նրանց մեղադրելով դաշնային ներգաղթային գործողություններին խոչընդոտելու մեջ, քանի որ վերջիններս հրաժարվել են դաշնային գործակալներին քողարկված գրանցման համարանիշեր տրամադրել, հայտնում է Associated Press-ը:
ԱՄՆ արդարադատության նախարարությունն առանձին դատական հայցեր է ուղարկել Մեն, Մասաչուսեթս, Օրեգոն և Վաշինգտոն նահանգների դեմ։ Իշխանությունները պնդում են, որ դեմոկրատների կառավարվող այս տարածաշրջաններն անօրինական կերպով սահմանափակում են դաշնային ծառայությունների, դրանց թվում՝ ԱՄՆ Ներգաղթի և մաքսային հսկողության ծառայության (ICE) գործունեությունը, և դրանով իսկ վտանգի տակ դնում գործակալների անվտանգությունը։
ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատար Թոդ Բլանշը հայտարարել է, որ նահանգները «խտրական և խոչընդոտող քաղաքականություն» են վարում դաշնային իրավապահ մարմինների նկատմամբ։ Ըստ նրա՝ DHS-ի (Ներքին անվտանգության նախարարության) և ICE-ի գործակալներին քողարկված համարանիշեր տրամադրելուց հրաժարվելը «խարխլում է դաշնային ներգաղթային օրենսդրության կիրառումը, վտանգավոր հանցագործներին հնարավորություն է տալիս խուսափել արդարադատությունից և ահաբեկում է ամերիկյան համայնքները»։
ԱՄՆ արդարադատության նախարարությունը պնդում է, որ ներգաղթի և պետական սահմանների նկատմամբ վերահսկողությունը բացառապես դաշնային իրավասություն է, իսկ ԱՄՆ Սահմանադրությունն արգելում է նահանգներին սահմանափակել դաշնային կառույցների գործունեությունը։
Հակամարտության առիթ են դարձել մի շարք նահանգների որոշումները՝ սահմանափակելու քողարկված համարանիշերի տրամադրումը դաշնային գործակալներին՝ Թրամփի վարչակազմի կողմից ներգաղթային ստուգայցերի ուժեղացումից հետո։ Մասնավորապես, Մեն նահանգի քարտուղար Շեննա Բելոուզը ավելի վաղ հայտարարել էր դաշնային ծառայություններին թաքնված համարների տրամադրման դադարի մասին՝ նշելով, որ նահանգի իշխանությունները ցանկանում են համոզված լինել, որ պետհամարանիշերը «չեն օգտագործվի անօրինական նպատակներով»։
Բելոուզը խստորեն քննադատել է ICE-ի գործողությունները՝ հայտարարելով. «Ժողովրդավարության մեջ գաղտնի ոստիկանություն գոյություն չունի»։ Ըստ նրա՝ դաշնային իշխանությունների ներգաղթային գործողությունները «ահաբեկել են նահանգի բնակիչների ընկերներին ու հարևաններին»։
Մեն նահանգի գլխավոր դատախազ Աարոն Ֆրեյը ևս հանդես է եկել ի պաշտպանություն տարածաշրջանային քաղաքականության՝ հայտարարելով, որ նահանգի իշխանությունները պարտավոր չեն իրենց ռեսուրսները տրամադրել ներգաղթային գործողությունների համար, որոնք, ըստ նրա, ուղեկցվել են դաշնային գործակալների կողմից չարաշահումների և հակասահմանադրական գործողությունների դեպքերով։
Քողարկված համարանիշերի շուրջ հակամարտությունը դարձել է Սպիտակ տան և այսպես կոչված «ապաստան-քաղաքների» միջև ավելի լայն դիմակայության մի մասը, որտեղ տեղական իշխանությունները սահմանափակում են համագործակցությունը դաշնային միգրացիոն ծառայությունների հետ։
Միևնույն ժամանակ, Թրամփի վարչակազմն արդեն հասել է Կալիֆոռնիայում այն օրենքի դատական կասեցմանը, որն արգելում էր իրավապահ մարմինների աշխատակիցներին գործողությունների ժամանակ ծածկել դեմքերը։ Սպիտակ տանը պնդում են, որ անանունությունն անհրաժեշտ է դաշնային գործակալներին հետապնդումներից և հնարավոր հարձակումներից պաշտպանելու համար։
Source: https://news.am/hy/news/1039223
World
Թրամփի վարչակազմը հայցեր է ներկայացրել չորս «ապաստան-նահանգների» դեմ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։