Մի գեղեցիկ օր մենք, հնարավոր է, սպասենք Իրանի հետ հրադադարի մասին համաձայնագրի, որն իսկապես կնշանակի կրակի դադարեցում։ Բայց ոչ այսօր. այսօր առավոտյան Իրանը նախազգուշացրել է, որ պատասխանելու է երկրի հարավում ԱՄՆ-ի երեկվա հարվածներին, որոնք Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) անվանել է «ինքնապաշտպանական հարվածներ»։
«Տարածաշրջանի ժողովուրդներն ու հողերն այլևս չեն ծառայելու որպես վահան ամերիկյան ռազմաբազաների համար»,- ասել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին՝ իր ուղերձում։
Եվ միևնույն ժամանակ մեզ պնդում են, որ խաղաղության համաձայնագիրն արդեն գրեթե պատրաստ է։ Դե ինչ, հիանալի երեքշաբթի է։
Անցյալ հանգստյան օրերին, երբ սկսեցին նշմարվել Դոնալդ Թրամփի իրանական գործարքի ուրվագծերը, ոչ թե մեկ, ոչ թե երկու, այլ միանգամից երեք հանրապետական սենատորներ այնքան ցնցված էին կատարվածով, որ արեցին մի բան, որը մինչ այդ աներևակայելի էր Թրամփի դարաշրջանում. նրանք ճշմարտությունն ասացին, գրում է The Bulwark-ը։
Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոջեր Ուիքերը նախազգուշացրել է, որ նախագահ Թրամփին «վատ խորհուրդներ են տալիս՝ մղելով դեպի մի գործարք, որն արժանի չի լինի անգամ այն թղթին, որի վրա գրված է։ Իրանի իսլամիստական ռեժիմի հետ համաձայնագրի հետագա ձգտումը վտանգում է [ԱՄՆ-ի] թուլության տպավորություն ստեղծել»։ Այնուհետև Ուիքերը զարգացրել է միտքը. գործարքի մասին լուրերը «աղետ» են կանխորոշում։ «Այն ամենը, ինչին հաջողվել է հասնել «Էպիկական զայրույթ» (Operation Epic Fury) գործողության ընթացքում, կզրոյացվի»։
Ավելի ուշ նույն օրը նրան միացել է սենատոր Թեդ Քրուզը՝ արտահայտելով ծայրահեղ տագնապ։ «Ես խորապես մտահոգված եմ այն ամենով, ինչ լսում ենք իրանական «գործարքի» մասին, որն առաջ են մղում վարչակազմում որոշ ձայներ։ Նախագահ Թրամփի որոշումը՝ հարվածել Իրանին, նրա երկրորդ ժամկետի ամենանշանակալի որոշումն էր... Եթե այս ամենի արդյունքը լինի այն, որ իրանական ռեժիմը՝ դեռևս կառավարվող իսլամիստների կողմից, որոնք վանկարկում են «Մահ Ամերիկային», այժմ միլիարդավոր դոլարներ կստանա, կկարողանա հարստացնել ուրան, միջուկային զենք մշակել և պահպանել փաստացի վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ, ապա այդպիսի արդյունքը կդառնա աղետալի սխալ»։
Նույնիսկ Թրամփի գլխավոր սպասարկուն՝ սենատոր Լինդսի Գրեմը, չկարողացավ զերծ մնալ մեկնաբանությունից. «Եթե իրանական հակամարտությունը դադարեցնելու մասին գործարքը կնքվում է այն մտավախությամբ, որ Հորմուզի նեղուցը հնարավոր չէ պաշտպանել իրանական ահաբեկչությունից, իսկ Իրանը դեռևս ունակ է ոչնչացնել Պարսից ծոցի նավթային առանցքային ենթակառուցվածքները, ապա Իրանը կընկալվի որպես գերիշխող ուժ, որը դիվանագիտական լուծում է պահանջում։
Այն փաստի համադրությունը, որ Իրանը կընկալվի որպես ուժ, որն ունակ է հավերժ ահաբեկել նեղուցը և հսկայական վնաս հասցնել Ծոցի նավթային ենթակառուցվածքներին, տարածաշրջանային ուժերի հավասարակշռության լուրջ տեղաշարժ է, որը ժամանակի ընթացքում Իսրայելի համար մղձավանջի կվերածվի։ Բացի դրանից, դա ստիպում է մտածել. իսկ ինչի՞ համար էր ընդհանրապես սկսվել այս պատերազմը, եթե այս գնահատականները ճիշտ են»։
Իհարկե, հանրապետականների ճշմարտախոսության այս կարճատև բռնկումը, ամենայն հավանականությամբ, կմնա որպես կարճատև փայլատակում։ Շաբաթ օրվանից Ուիքերը և Քրուզը, կարծես թե, լռել են։ Գրեմն իր հերթին արդեն 180 աստիճանով շրջվել է։ Երեկվա դրությամբ նա լիովին ընկղմվել է ֆանտազիաների աշխարհ՝ միայն թե վերադարձնի Թրամփի բարեհաճությունը. «Նախագահ Թրամփի ամենավերջին առաջարկը, որը պահանջում է ընդլայնել «Աբրահամյան համաձայնագրերը»՝ իրանական հակամարտության դիվանագիտական կարգավորման շրջանակում, պարզապես հանճարեղ է և կհանգեցնի Մերձավոր Արևելքում հազարամյակների ընթացքում ամենանշանակալի փոփոխություններին։
Երբ Սաուդյան Արաբիան և այլ երկրներ, ինչպիսին Պակիստանն է, հաշտվեն Իսրայելի հետ, տարածաշրջանը կճանաչի կայունության այնպիսի մակարդակ, որի մասին մինչ նախագահ Թրամփը չէին էլ երազել։ Դա ի վերջո կհանգեցնի տարածաշրջանային ինտեգրման՝ Մերձավոր Արևելքը վերածելով տնտեսական հնարավորությունների և բարիքի լոկոմոտիվի՝ վառոդի տակառի փոխարեն»։
Այնուամենայնիվ, նույնիսկ երբ ճշմարտախոսության ալիքը նվազում է, Գրեմի տված հարցը ոչ մի տեղ չի կորչում. «Դա ստիպում է մտածել, թե ինչի՞ համար էր ընդհանրապես սկսվել պատերազմը»։ Եվ դրանից խուսափել հնարավոր չէ. պատերազմը սկսվեց, որովհետև Թրամփը և նրա վարչակազմը հիմար են, անխոհեմ և մեծամիտ, իսկ նրանք, ովքեր ունակ էին զսպել նրան՝ ինչպես սենատորներ Ուիքերը, Քրուզը և Գրեմը, լիովին ձախողեցին այդ խնդիրը։
Վատ լուրն այն է, որ քանի որ Թրամփը մեր նախագահն է, նրա հիմարության, անխոհեմության և հպարտության համար ստիպված կլինի վճարել ամբողջ երկիրը։ Եվ հասցված վնասը լիովին իրական է։
Իրանական ռեժմը կանգուն մնաց՝ դիմակայելով աշխարհի ամենահզոր բանակի ամբողջ ցասմանն ու ուժին։ Իրանական ռեժիմն ապացուցեց, որ կարող է փակել Հորմուզի նեղուցը, հարձակվել իր հարևանների վրա և ջրից չոր դուրս գալ։ Եվ ավելին. այժմ Իրանը, դատելով ամեն ինչից, կստանա պատժամիջոցների մեղմացում և զգալի ակտիվների սառեցման վերացում։
Ավելին, այն պայմանները, որոնցով նեղուցը նորից կբացվի, մնում են մշուշոտ, ընդ որում՝ Իրանը պահպանում է նավերի անցման համար վճար կամ զիջումներ պահանջելու բացահայտ կամ թաքնված հնարավորությունը։ Իրանական միջուկային նյութերի ճակատագիրը և իր միջուկային ծրագիրը վերագործարկելու ռեժիմի կարողությունը նույնպես մնում են անորոշ։
Այսպիսով, վերջին երեք ամիսների արդյունքներով՝ իրանական ռեժիմը դուրս եկավ ամրապնդված։ Միացյալ Նահանգները, ընդհակառակը, դուրս եկան թուլացած։ Ի հավելումն մեր ռազմական նպատակներին հասնելու անկարողությանը, և բացի մարդկային ուժի և տեխնիկայի կորուստներից, մեր դաշնակիցները՝ Պարսից ծոցից ու Եվրոպայից մինչև Ասիա, հասկացան, որ մեզ չի կարելի վստահել։ Այս առումով այս եռամսյա «էքսկուրսիան» դարձավ ամերիկյան անկման կարևոր հանգրվան։ Թրամփը կանի ամեն ինչ՝ աղմկելու և մշուշ ստեղծելու համար։ Բայց ոչ ոք չպետք է խաբվի։
Տխուր, բայց անխուսափելի փաստն այն է, որ տվյալ դեպքում Թրամփի պարտությունը ամբողջ Ամերիկայի պարտությունն է։ Եվ կարևոր է ընդունել, որ այս պարտությունը չափազանց դժվար կլինի հետ շրջել։ Այնուամենայնիվ, Թրամփի երկրորդ ժամկետի աղետից առանց ցավի դուրս գալ երբեք էլ չէր կանխատեսվել։
Բայց գոնե այժմ ավելի շատ մարդիկ են ճշմարտությունը խոսում՝ թեկուզ մեկ ակնթարթով՝ ընդունելով, որ տեղի ունեցողը աղետ է։ Իսկ դա առողջացման ճանապարհի առաջին քայլն է։
Source: https://news.am/hy/news/1038652
World
Թրամփի պատերազմն Իրանի հետ ֆիասկոյի վերածվեց. The Bulwark
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։