ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios-ի հարցազրույցում հայտնել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խնդրել է հանդիպում կազմակերպել Սպիտակ տանը, և այն կարող է կայանալ արդեն հաջորդ շաբաթ, Թուրքիայում ՆԱՏՕ գագաթժողովից Թամփի վերադառնալուց հետո։

«Մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք։ [Նեթանյահուն] գիտի, թե ով է այստեղ բոսը», — ասել է Թրամփը։

Ինչպես հայտնել է Axios-ը, սա կարող է դառնալ առաջնորդների առաջին հանդիպումը փետրվարին Իրավիճակային սենյակում նրանց լարված հանդիպումից հետո, երբ Նեթանյահուն ներկայացրել էր Իրանի դեմ համատեղ ռազմական գործողության ծրագիր։

Միևնույն ժամանակ, իսրայելցի պաշտոնյան նշել է, որ այցը կարող է այդքան արագ տեղի չունենալ՝ հուլիսի 7–8-ին կայանալիք ՆԱՏՕ գագաթաժողովին Թրամփի մասնակցության պատճառով, և հնարավոր է՝ տեղափոխվի հաջորդ շաբաթ։

Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ Իսրայելի վարչապետը զանգահարել է Թրամփին և շնորհավորել նրան ԱՄՆ անկախության 250-ամյակի կապակցությամբ։ Հայտարարության մեջ նշվել է, որ կողմերը հաստատել են առաջիկայում ԱՄՆ-ում հանդիպելու մտադրությունը և քննարկել երկրների միջև հարաբերությունները։

Աղբյուրների տվյալներով՝ Թրամփի շրջապատում թերահավատությունը Նեթանյահուի նկատմամբ խորացել է։ Ամերիկացի պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ «Թրամփի ամենամոտ խորհրդականներից շատերը կարծում են, որ Բիբին գրեթե ամեն ինչում սխալվել է»։

Հաղորդվել է նաև, որ Թրամփը քննադատել է Նեթանյահուին Լիբանանում սրացման համար՝ նրան անվանելով «խելագար» և մեղադրելով անշնորհակալ լինելու մեջ։

Տարաձայնություններն ուժեղացել են նաև Իսրայելի հարցերի շուրջ Հանրապետական կուսակցության ներսում տեղի ունեցող պառակտման ֆոնին, իսկ MAGA շարժման մի շարք աջակիցներ, այդ թվում՝ Թաքեր Կառլսոնը, մեղադրում են Թրամփին Նեթանյահուից խիստ կախված լինելու մեջ։

Չնայած դրան՝ Թրամփը ստորագրել է փոխըմբռնման հուշագիր, որը երկարաձգում է Իրանի հետ հրադադարը և նոր միջուկային բանակցությունների մեկնարկ է տալիս։ Նա նաև կոչ է արել Իսրայելին սահմանափակել ռազմական գործողությունները Լիբանանում և համաձայնեցնել երկրի հարավից զորքերի դուրսբերման շրջանակային համաձայնագիրը։

Source: https://news.am/hy/news/1047881