Հորմուզի նեղուցի շրջափակումը լիարժեք կերպով կգործի այնքան ժամանակ, քանի դեռ Իրանի հետ համաձայնագիր ձեռք չի բերվել, հաստատվել և ստորագրվել, Truth Social սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Ըստ Թրամփի, ԱՄՆ-ի երբևէ կնքած ամենավատ գործարքներից մեկը Իրանի միջուկային գործարքն էր, որն առաջարկվել և ստորագրվել էր Բարաք Օբամայի և Օբամայի վարչակազմի շարքային դիլետանտների կողմից։

«Դա Իրանի կողմից միջուկային զենք ստեղծելու ուղիղ ճանապարհ էր։ Այդպես չէ այն գործարքի դեպքում, որի շուրջ ներկայումս Թրամփի վարչակազմը բանակցում է Իրանի հետ. իրականում՝ ճիշտ հակառակը։ Բանակցություններն ընթանում են կանոնակարգված և կառուցողական, և ես իմ ներկայացուցիչներին տեղեկացրել եմ, որ գործարքի կնքման հարցում չշտապեն, քանի որ ժամանակը մեր կողմն է։ Շրջափակումը լիարժեք կերպով կգործի այնքան ժամանակ, քանի դեռ համաձայնագիրը ձեռք չի բերվել, հաստատվել և ստորագրվել։ Երկու կողմերն էլ պետք է չշտապեն և ամեն ինչ ճիշտ անեն։ Սխալներ չեն կարող լինել!

Իրանի հետ մեր հարաբերությունները դառնում են շատ ավելի պրոֆեսիոնալ և արդյունավետ։ Սակայն նրանք պետք է հասկանան, որ չեն կարող մշակել կամ ձեռք բերել միջուկային զենք կամ ռումբ։ Այս պահին ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Մերձավոր Արևելքի բոլոր երկրներին նրանց աջակցության և համագործակցության համար, որոնք էլ ավելի կընդլայնվեն և կամրապնդվեն՝ նրանց միանալու շնորհիվ այն երկրներին, որոնք ստորագրել են պատմական Աբրահամյան համաձայնագրերը, և ով գիտի, գուցե Իրանի Իսլամական Հանրապետությունն էլ ցանկանա միանալ», - նշել է նա։

Source: https://news.am/hy/news/1037943