Իրանն, ամենայն հավանականությամբ, չորեքշաբթի օրը բանակցություններ կվարի կատարական կողմի հետ։ Այդ ամենը տեղի կունենա ԱՄՆ-ի հետ երկխոսության շրջանակներում՝ իրանա-ամերիկյան հուշագրի իրագործումը քննարկելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ավելի վաղ հայտարարել էր, որ Կատարում գտնվող 6 միլիարդ դոլարն ապասառեցվելու է, և այդ գումարը փոխանցվելու է Թեհրանին։
«Մենք առաջիկա օրերին որևէ մակարդակով ամերիկյան ներկայացուցիչների հետ հանդիպելու ծրագրեր չունենք։ Այն, ինչ հավանաբար տեղի կունենա վաղը Դոհայում, հուշագրի դրույթների կատարման, այն է՝ իրանական ակտիվների ապասառեցման հարցով բանակցություններն են, սակայն դրանք կանցկացվեն կատարական կողմի հետ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Բաղային։
Նա նաև հույս է հայտնել, որ Իրանին կհաջողվի արդյունքի հասնել ակտիվների ապասառեցման հարցում։
Source: https://news.am/hy/news/1046901