The War Zone-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերը Մեծ Բրիտանիայում գտնվող առաջապահ Ֆեյրֆորդ ավիաբազայից դուրս են բերել այնտեղ տեղակայված իրենց բոլոր B-52H Stratofortress ռազմավարական ռմբակոծիչները, որոնք օգտագործվում էին Իրանի դեմ ռազմական գործողության ընթացքում։
Վերջին երկու խմբերը՝ յուրաքանչյուրում երեք ինքնաթիռ, նախօրեին վերադարձել են Միացյալ Նահանգների մայրցամաքային հատվածում գտնվող իրենց մշտական բազավորման վայրերը։
Պարբերականի տվյալներով՝ Ֆեյրֆորդ ավիաբազայում դեռևս մնում է ամերիկյան 11 B-1B Lancer ռազմավարական ռմբակոծիչներից կազմված խումբը։
Բրիտանիայում տեղակայված ԱՄՆ ռազմաօդային ուժերի ծանր ռմբակոծիչների կրճատման գործընթացը սկսվել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո։
Իրանի դեմ ամերիկյան ռազմական գործողության ընթացքում բրիտանական Ֆեյրֆորդ ավիաբազայում գտնվել է 15 B-1B Lancer և ութ B-52H Stratofortress ինքնաթիռ։ Դրանք օգտագործվել են իրանական առավել կարևոր օբյեկտներին հարվածներ հասցնելու համար, մասնավորապես՝ բալիստիկ հրթիռների և անօդաչուների տեղակայման, պահպանման և արտադրության պաշտպանված վայրերին։
Միաժամանակ նախօրեին բրիտանական «Լեյքենհիթ» ավիաբազա, Իրանի դեմ ամերիկյան ռազմական գործողության շրջանակում Հորդանանում հինգամսյա տեղակայությունից հետո, վերադարձել են նաև 15 ամերիկյան F-15E Strike Eagle կործանիչներ։
Source: https://news.am/hy/news/1047254