ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծանուցագրեր է ուղարկել The New York Times պարբերականի մի քանի լրագրողների այն բանից հետո, երբ հոդված է հրապարակվել նախագահական նոր՝ «Air Force One» ինքնաթիռի անվտանգության հնարավոր խնդիրների մասին, հայտնում է թերթը:
Պարբերականի տվյալներով՝ ծանուցագրերը լրագրողներին պարտավորեցնում են չորեքշաբթի օրը կայանալիք քննության շրջանակներում ցուցմունք տալ Մանհեթենի դաշնային մեծ ժյուրիի առջև: The New York Times-ը պնդում է, որ դաշնային գործակալներն այդ փաստաթղթերից մի քանիսն անձամբ են հասցրել լրագրողների տներ:
Խոսքը վերաբերում է «Air Force One» նոր ինքնաթիռին նվիրված հրապարակումներին, որը Թրամփը նվեր է ստացել Կատարից և որը վերջերս է առաջին անգամ շահագործման հանձնվել: Պարբերականի նյութերում նշվել է, որ ինքնաթիռը կարող է չունենալ պաշտպանության այն առաջատար համակարգերի մի մասը, որոնցով հագեցած են նախագահական ավելի հին օդանավերը, ներառյալ՝ հակահրթիռային պաշտպանության որոշ միջոցներ:
The New York Times-ը հայտնել է, որ Թուրքիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մեկնելիս հին «Air Force One» ինքնաթիռներից մեկն օգտագործելու որոշումը կայացվել է Գաղտնի ծառայության հանձնարարականով՝ նոր օդանավի անվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով: Պարբերականի հոդվածներում վկայակոչվել են նաև անանուն աղբյուրների տվյալները:
Նախագահ Թրամփը հերքել է նոր ինքնաթիռի անվտանգության խնդիրների մասին լուրերը։ Նա հայտարարել է, որ ուղևորության ժամանակ օդանավի փոփոխությունը պայմանավորված է եղել նոր բորտը Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի բազայում գտնվող ամերիկյան զինծառայողներին ցուցադրելու ցանկությամբ, այլ ոչ թե որևէ սպառնալիքով։
«Ինձ անընդհատ սպառնում են։ Ես առաջինն եմ նրանց ցուցակում», — հայտարարել է Թրամփը՝ պատասխանելով Իրանի կողմից հնարավոր սպառնալիքների մասին հարցին։
Սպիտակ տնից նույնպես հայտնել են, որ նոր «Air Force One»-ը համալրված է պաշտպանության բոլոր անհրաժեշտ համակարգերով և լիովին համապատասխանում է անվտանգության պահանջներին։
The New York Times-ի փաստաբան Դևիդ Մաքքրոուն լրագրողներին հարցաքննության կանչելն անվանել է լուրջ սպառնալիք մամուլի ազատությանը։
«Lրագրողների տների շեմին dաշնային իրավապահների հայտնվելը պետք է շոկի ենթարկի յուրաքանչյուր ամերիկացու, ով հավատում է Սահմանադրությանը և դրանով պաշտպանվող մամուլի ազատությանը», — հայտարարել է նա։
Ծանուցագրեր ստացած լրագրողների թվում պարբերականը նշում է Ջուլիան Բարնսի, Էրիկ Լիպտոնի, Թայլեր Փեյջերի և Էրիկ Շմիթի անունները։
Սա այս տարի առաջին դեպքը չէ, երբ ԱՄՆ արդարադատության նախարարությունը փորձում է ցուցմունքներ կորզել առաջատար լրատվամիջոցների լրագրողներից։ Ավելի վաղ գերատեսչությունը նմանատիպ ծանուցագրեր էր ուղարկել նաև «The Washington Post»-ի և «The Wall Street Journal»-ի աշխատակիցներին, սակայն հետագայում չեղարկել էր դրանք։
Source: https://news.am/hy/news/1049252