ԱՄՆ-ի Օհայո նահանգում ձերբակալվել են մի ընտանիքի չորս անդամներ, որոնք մի քանի տարի հակասանիտարական պայմաններում գերության մեջ էին պահում 16 երեխայի։ Այս մասին հուլիսի 1-ին հայտնել է The Guardian թերթը՝ հղում անելով տեղական իշխանություններին։

«Ծնողներին, ինչպես նաև տատիկ-պապիկներին մեղադրանք է առաջադրվել։ 16 երեխա փրկվել է Օհայոյի գյուղական վայրում գտնվող խարխուլ տնից այն բանից հետո, երբ վերջին չորս տարվա մեծ մասն անցկացրել էին փակված՝ մեկ սենյակում, «սարսափելի պայմաններում», — ասվում է հրապարակման մեջ։

Իշխանությունների տվյալներով՝ մեկուկեսից մինչև 18 տարեկան երեխաները ժամանակի մեծ մասն անցկացնում էին փակված մեկ սենյակում, որտեղ ամենուր մարդկային արտաթորանքներ կային։ Նշվում է, որ փրկվածներից ոմանք չէին կարողանում խոսել։

Տեքստից հետևում է, որ երեխաներին հայտնաբերել են խուզարկության ընթացքում՝ օրդերի հիման վրա, այլ հետաքննության շրջանակում, Հեմդեն գյուղում գտնվող խարխուլ տանը, որը գտնվում է Օհայոյի ամենաաղքատ շրջաններից մեկում։ Յոթ երեխա հոսպիտալացվել է, որոնցից երկուսին ուղղաթիռներով տեղափոխել են վնասվածքաբանական կենտրոններ։ Բացի այդ, մեկ երեխա գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում և միացված էր թոքերի արհեստական օդափոխության սարքին։

Ծնողներին և երկու տատիկներին մեղադրանք է առաջադրվել երկրորդ աստիճանի ծանր հանցագործություն կատարելու համար՝ երեխաների կյանքի և առողջության համար վտանգ ստեղծելու հոդվածով։ Ընդգծվում է, որ գործը կապված չէ մարդկանց թրաֆիքինգի հետ, այլ ներտնային ընտանեկան իրավիճակ է։ Ձերբակալված բոլոր չորս անձինք՝ Գերի Սայդերս կրտսերը, Գերի Սայդերս ավագը, Քրիստինա Սայդերսը և Էլիզաբեթ Սայդերսը, ներկայացել են դատարան, և նրանցից յուրաքանչյուրի համար գրավը սահմանվել է 300 հազար դոլար։

Քննիչների տվյալներով՝ ընտանիքը երկու տասնամյակի ընթացքում տեղափոխվել է նահանգի հարավային հատվածով՝ խուսափելով բժշկական գրառումների և պետական արխիվների ձևավորումից։ Երեխաները դպրոցում գրանցված չեն եղել, և ընտանիքից դուրս ոչ ոք չգիտեր նրանց գոյության մասին։ Իշխանությունները ձգտում են ժամանակավոր խնամակալություն ստանալ բոլոր փրկված անչափահասների նկատմամբ։

Source: https://news.am/hy/news/1047288