Թբիլիսիում Թրամփի աշտարակը նախատեսվում է կառուցել ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող Բիձինա Իվանիշվիլիի որդուն մասամբ պատկանող հողատարածքի վրա, հայտնում է Guardian-ը:
Այս երկնաքերի նախագիծը տեղական կոնսորցիումի և Trump Organization ընկերության համատեղ ձեռնարկությունն է, որն այժմ ղեկավարում են ԱՄՆ նախագահի որդիները՝ Դոնալդ Թրամփ կրտսերը և Էրիկ Թրամփը։ Շենքը կտեղակայվի մի հողամասում, որի պաշտոնական գրանցված սեփականատերը ներկայումս «Քարթու» (Cartu) միջազգային բարեգործական հիմնադրամն է:
Ըստ պաշտոնական ռեեստրների՝ «Քարթու» հիմնադրամն ամբողջությամբ պատկանում է Cartu Group բաժնետիրական ընկերությանը: Իր հերթին, այս ԲԸ-ի բաժնետոմսերի 35%-ը պատկանում է Ուտա Իվանիշվիլիին՝ միլիարդատեր և քաղաքական գործիչ, Վրաստանի իշխող կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի ավագ որդուն:
Բիձինա Իվանիշվիլին, որը համարվում է Վրաստանի կառավարության դե ֆակտո առաջնորդը, 2024 թվականին Բայդենի վարչակազմի կողմից ներառվել է ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում՝ «ի շահ Ռուսաստանի Դաշնության՝ Վրաստանի ժողովրդավարական և եվրաատլանտյան ապագան խարխլելու» համար։
Ուտա Իվանիշվիլին, որի նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվել, մինչև 2024 թվականը տիրապետում էր Cartu Group ԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ին: Սակայն նա իր մասնաբաժինը նվազեցրեց մինչև 35%, երբ նրա հայրը՝ Վրաստանի ամենահարուստ մարդը, հայտնվեց ԱՄՆ տնտեսական սահմանափակումների տակ: Cartu Group-ի մնացած 65% բաժնետոմսերի սեփականատերերին այսօրվա դրությամբ պարզել հնարավոր չէ, քանի որ ֆիզիկական անձանց 5%-ից պակաս մասնաբաժինները օրենքով կարող են անանուն մնալ:
Գործող պատժամիջոցների ռեժիմի շրջանակում ԱՄՆ քաղաքացիներին արգելվում է բիզնես վարել, վճարումներ կատարել կամ ծառայություններ մատուցել անձամբ Բիձինա Իվանիշվիլիին առանց հատուկ թույլտվության, սակայն կան բացառություններ, որոնք վերաբերում են նրա կողմից վերահսկվող առևտրային ընկերություններին:
Trump Organization-ի և Իվանիշվիլիի ընտանիքի միջև կապերը հավանաբար նոր մտահոգություններ կառաջացնեն հնարավոր շահերի բախման վերաբերյալ: Խոսքն ԱՄՆ նախագահի անունը բնակելի և առողջարանային համալիրների իրականացմամբ զբաղվող կառուցապատողներին վաճառելու պրակտիկայի մասին է:
Trump Organization-ի նմանատիպ ֆրանշիզային համաձայնագրերը ներառում են, օրինակ, Օմանում այդ երկրի կառավարությանը պատկանող հողատարածքի վրա շքեղ հյուրանոցի և գոլֆ-համալիրի կառուցումը: Այս նախագիծը, երեք այլ նախագծի հետ մեկտեղ, իրականացվում է սաուդյան Dar Al Arkan կառուցապատող ընկերության դուստր կառույցի հետ գործընկերությամբ, որը սերտ կապեր ունի Սաուդյան Արաբիայի կառավարության հետ. դրա մասին անցյալ տարի հայտնել էր The New York Times թերթը: Սպիտակ տունն էլ իր հերթին հայտարարել էր, որ «ո՛չ նախագահը, ո՛չ նրա ընտանիքը երբեք ներքաշված չեն եղել և չեն լինի շահերի բախման հետ կապված իրավիճակներում»:
Trump Organization-ի մամուլի հաղորդագրության մեջ, որն ազդարարում է Թբիլիսիում 70-հարկանի երկնաքերի նախագիծը, այս միջազգային կառուցապատող ընկերության գործադիր փոխնախագահ Էրիկ Թրամփը նշել է, որ կորպորացիան «հպարտ է առաջատար փորձի այս համաշխարհային ճանաչում ունեցող չափանիշը Վրաստան բերելու համար և հատկապես ուրախ է այս նախագծի շրջանակում նման հարգված և պրոֆեսիոնալ կառուցապատողների հետ համագործակցելու համար»։
Վրաստանում ամենաբարձր շենքի կառուցման համար Trump Organization-ի հետ գործընկերության մեջ է մտնում վրացական չորս ընկերություն՝ Archi Group, Biograpi Living, Blox Group և Finvest Georgia, ինչպես նաև ամերիկյան Sapir Organization ընկերությունը՝ Թրամփի վաղեմի գործընկերը: Այս ընկերություններից կամ նրանց տնօրեններից որևէ մեկի դեմ պատժամիջոցներ չեն սահմանվել:
Source: https://news.am/hy/news/1038228
World
Թբիլիսիում Թրամփի աշտարակը նախատեսում են կառուցել մասամբ Իվանիշվիլիի որդուն պատկանող հողատարածքում
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։