Թաիլանդի կենտրոնական հատվածում՝ Դոն Յայ Թհոնգ հնագիտական վայրում, հայտնաբերվել են իններորդ մարդկային մնացորդները, որոնք թվագրվում են 1 500-ից 2 000 տարի առաջվա ժամանակաշրջանով։ Այս մասին հայտնում է Bangkok Post-ը։

Ավելի վաղ այս տարի հնագետներն արդեն գտել էին այս վայրում ութ կմախք, որոնց կողքին հայտնաբերվել էին բրոնզե անոթներ՝ տեղադրված մահացածների գլխի և կզակի մոտ, ինչպես նաև ապակյա և քարե ուլունքներ, ոսկյա զարդեր՝ ականջօղեր և ապարանջաններ։ Բրոնզե անոթներ կային նաև թաղվածների ոտքերի մոտ։

Ընդհանուր առմամբ պեղումների տարածքում արդեն հայտնաբերվել է վեց բրոնզե թմբուկ։

Գեղարվեստի դեպարտամենտի ներկայացուցիչ Պհնոմբուտրա Չանդրաջոտիի խոսքով՝ նոր մնացորդները պատկանում են 12 տարեկանից փոքր երեխայի։ Թաղման կողքին հայտնաբերվել են խոշոր եղջերավոր անասունի կամ գոմեշի ատամներ և ծնոտ, ինչպես նաև բրոնզե առարկա, ենթադրաբար՝ գոնգ, ապակյա ուլունքներ, խեցեղեն և այրված կավե բեկորներ։

Գիտնականները նախատեսում են անցկացնել ռադիոածխածնային անալիզ և հետագա ուսումնասիրություններ։

Source: https://news.am/hy/news/1047733