Ռուսաստանցի ռուֆերներ Անժելա Նիկոլաուն և Իվան Բեերկուսը բարձրացել են Նյու Յորքի Էմփայր-սթեյթ-բիլդինգ երկնաքերի գագաթը և սրածայրին ամրացրել խաղաղության մասին մեջբերումով պաստառ. «Երբ սիրո ուժը հաղթում է իշխանության հանդեպ սիրուն, աշխարհը ճանաչում է խաղաղությունը»։ Այդ մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը։
Թե ինչպես է զույգին հաջողվել շրջանցել անվտանգության համակարգը և հասնել շենքի գագաթ, մնում է անհայտ։ Նշվում է, որ այն բանից հետո, երբ երիտասարդները բարձրացել են շենքի գագաթը, տղամարդը ուսապարկից հանել է նշանադրության մատանին և աղջկան ամուսնության առաջարկ արել։
«Ավելի ուշ զույգը ձերբակալվել է, և առայժմ մեղադրանքներ չեն ներկայացվել։ Մոտ 40 ոստիկան ժամանել է շենքի մոտ և կարգավորել երթևեկությունը», — ասվում է հրապարակման մեջ։
Նյու Յորքի վարչական օրենսգրքի 167-րդ հոդվածի 10-րդ պարբերության համաձայն՝ զույգին Էմփայր-սթեյթ-բիլդինգ բարձրանալու համար սպառնում է ազատազրկում կամ տուգանք։ Փաստաթղթում նշվում է, որ տուգանքն ու ազատազրկումը կարող են նշանակվել նաև միաժամանակ։
Source: https://news.am/hy/news/1047381