Օբեռնի համալսարանի ինժեներական ֆակուլտետի 20-ամյա ուսանող Ջեյմս «Ուեսթոն» Հիգինբոթամը, որը մայիսի վերջին անհետացել էր Ճապոնիայում, մահացած է հայտնաբերվել Կիոտոյից ոչ հեռու գտնվող լեռնային շրջանում։ Այս մասին հայտնել է նրա մայրը՝ Նենսի Հիգինբոթամը, հաղորդել է CBS News-ը։

Նրա խոսքով՝ երիտասարդի մարմինը հայտնաբերել է կամավոր որոնողափրկարարական խումբը։ Մահվան պատճառը դեռևս չի հրապարակվում, լրացուցիչ մանրամասներ նույնպես չեն հաղորդվում։

Հիգինբոթամն անհետացել էր մայիսի 29-ին Ճապոնիա ընտանեկան ուղևորության ընթացքում։ Նա ծնողների և եղբոր հետ շրջում էր երկրով մեկ, սակայն անհետացման օրը որոշել էր մենակ մնալ, մինչ հարազատներն այցելում էին տաճար։ Ավելի ուշ ծնողներն ընտանեկան տեղորոշման հավելվածի միջոցով նկատել էին, որ նա տեղաշարժվում է, սակայն հաղորդագրություններին այլևս չի պատասխանում։

Վերջին անգամ ուսանողին տեսել են Կիոտոյի երկաթուղային կայարանի մոտ։ Հարազատները ենթադրում էին, որ նա գնացել է մոտակա լեռնային արշավային երթուղիներից մեկով։ Նախօրեին երիտասարդի մայրը հայտնել էր, որ մտավախություն ունի, թե որդին կարող էր վնասվածք ստանալ կամ մոլորվել արշավի ընթացքում։

Որոնումներին մասնակցել են ավելի քան հարյուր ոստիկաններ, ինչպես նաև կինոլոգներ և ուղղաթիռներ։ Այն բանից հետո, երբ ճապոնական իշխանությունները որոշել են դադարեցնել ակտիվ որոնողական գործողությունը, ընտանիքը շարունակական որոնումների համար վարձել է պրոֆեսիոնալ փրկարարական թիմ։

Հրապարակված հայտարարության մեջ Նենսի Հիգինբոթամը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնել են իր որդուն որոնել Ճապոնիայում, ԱՄՆ-ում և աշխարհի այլ երկրներում։

«Մենք անսահման շնորհակալ ենք այն ժամանակի համար, որ անցկացրել ենք մեր սիրելի Ուեսթոնի հետ, բայց առայժմ չենք կարող պատկերացնել, թե ինչպես ապրել առանց նրա», — գրել է նա։

Ընտանիքը խնդրել է հարգել անձնական կյանքի իր իրավունքը կորստի ցավը վերապրելու այս շրջանում։

Source: https://news.am/hy/news/1041442