Իրանի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում իրանցի սահմանապահների հետ զինված բախման ընթացքում սպանվել է վեց ենթադրյալ գրոհային։ Ասդ մասին հայտնել է երկրի սահմանապահ ծառայության հրամանատար, գեներալ Ալի Աքբար Ջավիդանը, փոխանցել է Mehr-ը։
Նրա խոսքով՝ ուրբաթ գիշեր խումբը, որն Իրանի իշխանություններն անվանում են ահաբեկչական, փորձել է ներթափանցել Իրանի տարածք և հարձակվել սահմանապահների դիրքերի վրա։
Սահմանախախտների հայտնաբերումից հետո կողմերի միջև սկսվել է փոխհրաձգություն, որը վերաճել է ինտենսիվ զինված մարտի։
Ինչպես հավաստիացրել է իրանական կողմը, սահմանապահ ստորաբաժանումներին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել իրավիճակը և լուրջ կորուստներ հասցնել հարձակվողներին։
Հրամանատարության տվյալներով՝ բախման հետևանքով սպանվել է զինված խմբի վեց անդամ։
Գործողության ավարտից հետո իրանցի սահմանապահները զննել են տարածքը և առգրավել երկու ատրճանակ, ինչպես նաև զգալի քանակությամբ զինամթերք։
Պակիստանի և Աֆղանստանի հետ սահմանին գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգը համարվում է Իրանի ամենաանկայուն տարածաշրջաններից մեկը, որտեղ պարբերաբար տեղի են ունենում բախումներ անվտանգության ուժերի և զինված խմբավորումների միջև։
Source: https://news.am/hy/news/1041433