Տեխասից կոնգրեսական, հանրապետական Փիթ Սեշնսի աշխատակազմի ղեկավար Լուիս Անխել Վեգային մեղադրում են ԱՄՆ Կապիտոլիումի համալիրի տարածք ապօրինի հրազեն անցկացնելու մեջ։ Այս մասին վկայում են դատական փաստաթղթերը, որոնց ծանոթացել է CNN-ը։
Դատարանի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերին, սակայն պաշտոնական մեղադրանքը ներկայացվել է միայն մի քանի ամիս անց։ Չորեքշաբթի Վեգան ներկայացել է Կոլումբիայի օկրուգի դատարան, իսկ ուրբաթ տեղի է ունեցել գործով առաջին լսումը։
Նրան առաջադրվել է երկու մեղադրանք՝ առանց լիցենզիայի բնակության վայրից դուրս զենք կրելու և Կապիտոլիումի տարածք հրազեն անցկացնելու համար։
Գործի նյութերի համաձայն՝ անվտանգության ծառայության աշխատակիցները Ներկայացուցիչների պալատի գրասենյակային շենքերից մեկի մուտքի անցակետում Վեգայի պայուսակում հայտնաբերել են ատրճանակ և զինամթերք։ Զենքը հայտնաբերելուց հետո նրան առաջարկվել է այն թողնել ավտոմեքենայում և կրկին անցնել զննությունը, ինչն էլ նա արել է։
Կապիտոլիումի ոստիկանության անցկացրած հեռախոսային հարցաքննության ընթացքում Վեգան ընդունել է, որ զենք կրելու լիցենզիա չունի։ Նա նաև նշել է, որ սովորաբար շենք է մտնում կոնգրեսականի հետ միասին, որն ազատված է անվտանգության ստանդարտ ստուգումից, սակայն միջադեպի օրը մուտք է գործել առանձին և մոռացել է, որ զենքը մնացել էր պայուսակում։
Դատարանը նրան ազատ է արձակել առանց գրավի սահմանման։ Հաջորդ դատական նիստը նշանակված է հունիսի 10-ին։
Source: https://news.am/hy/news/1041447